Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պակասությունքը արժանի էին որ դատապարտվեին, այդ արատները կարոտ են սրբվելու։

Բայց ի՛նչ ասեմ ես այն մարդուն, որ չկամի հասկանալ, թե Հայաստան բառը մի վերացականություն է ներկայումս, և կանացի մեղադրանքներով ասպարեզ է մտանում, թեև Հայաստանը չէ տվել ինձ կրություն և դաստիարակություն, բայց իրավունք ունի մեր կողմից պահանջելու փույթ և խնամք յուր վերա։- Հայաստանը ոչինչ իրավունք չունի մեզանից բան պահանջելու, ասում եմ շեշտելով. թո՛ղ նա հառաջ սերմանե, հետո հնձելու դուրս դա։ Բայց մեք ինքնին, որպես մարդ, պարտական ենք օգնական գտանվիլ մարդկությանը, և որովհետև ընդհանուր մարդկության մեջ մտանում ենք մեր հայ մարդկությամբ, որովհետև հայ մարդկությունը առավել մոտ է մեզ, այս պատճառով պարտականություն համարում ենք մեզ անփույթ չլինել հայոց ազդի հառաջադիմության և լուսավորության մասին։ Բայց որպես մարդ և որպես քրիստոնյա, մեք ենք, որ համարում ենք մեզ պարտական. իսկ այլ ոք չունի համարձակություն պարտական քարոզել մեր ազատ անձը։ Եվ այս է մանավանդ բանը, որ մեք մեր ազատ կամքովը, հասկանալով մարդու և մարդկության խորհուրդը, առանց բռնադատվելու մի հարկադրական պահանջողութենից, ինքնին աշխատում ենք օգնական գտանվիլ հայ մարդկությանը որպես և ինչ չափով կարող էինք:

Ես երբեք չեմ անպատվել Հայաստանը ասելով, թե նա չունի այն, ինչ որ ստուգապես չունի, և միտք չեմ ունեցել համազգիների սիրտը վիրավորելու, այլ մանավանդ, հանդես տալով այդ խնդրին, ցանկացել եմ զգալի կացուցանել մեր ազգին այդ նորա տարապայման կարոտությունը և ետ մնալը լուսավորության գործի մեջ։

Պ. Իսահակյանցը իմ միտքն է ձգում հինգերորդ դարը և ասում է, թե «Խորենացիների նման մտավարժ և լիահանճար մանուկները անհագ փափագով դիմեցին Աթենք, Ալեքսանդրիա, Բյուզանդիա, դեպի հունական դպրոցները, և թե այդ երանելիքը չեն ասել, որ պարտական չէին Հայաստանին, այլ շտապել են գալ Հայաստան լուսավորել և այլն, և այլն»: Ցանկալի էր լսել պ. Իսահակյանցից, թե այդ բարի և օրհնյալ հիշատակի արժանի մարդիկը ինքյա՞նք դիմեցին, թե ուրիշի ձեռքով և հոգաբարձությամբ ուղարկվեցան, և այդ հոգաբարձությունը, որ կատարեց այն ժամանակ Հայաստանը Սահակի և Մեսրոպի ձեռքով, իբր 60 աշակերտ Եվրոպա կամ Ալեքսանդրիա ուղարկելով, կարելի՞ է որ մոռանային այդ աշակերտքը և ասեին — թե Հայաստանը չէր, որ դայակ վարձեց մեր համար։