Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դություն, որ պատմեր մեզ, թե Մասյաց ոտքումը կա մի փոս դժոխք անվանված հնումը. դորա մեղավորը ես չեմ, ինչու չէ ուսանում, և Խորենացու ասածի նման լինում է—աշակերտ հեղգ առ ուսումն և փույթ առ ի վարդապետել, նախ քան զտեսությունն աստվածաբան։ Պարոնը ասում է, «եթե կա ևս մի այդպիսի փոս, ապա ուրեմն Հայաստանը պատրաստել է նորան, յուր վսեմությունը և պարծանքը ուրացող մուրացկան որդոց համար». ես հավելացնում եմ դորա վերա և այս, թե — սուտ պարծեցող, աղքատ հպարտ, տգետ և կամակոր որդոց համար, որ միտ չդնելով յուրյանց հոգեկան չքավորության վերա, հրատարակում են յուրյանը անձը առատացած ամենայն բանով, տղայական մեծամտությամբ տգիտանալով յուրյանց սնանկությունը։ Այդ փոսը յուր խավարովը, որ թագավորում է նորա մեջ, կարող է լավ ապարանքի տեղ ծառայել օբսկուրանտների համար, կարծեմ, որ պ. Իսահակյանցը ևս որպես օբսկուրանտների նիզակակից, կարողանա մի մութն անկյուն գտանել այդ տարտարոսի մեջ։

Զարմանք է, ինչպես չէ վախեցել պ. Իսահակյանցը, թե մի գուցե պ. Կ. էմմանուելի նկարագրած կասկածավոր մարդերի կարգը ընկնի, որովհետև երկբայությամբ խոսում էր նախասացյալ փոսի վերար: Պ. Իսահակյանցը ասում է, թե չէ ասել, որ Մասիսը բնակարան է մուզաների. ասելը ի՜նչպես կլինի, կոտոշներո՞վ, մինչ խոստովանում է, թե Մասյաց դարևանդից Մուզան կանչել է և դադարեցուցել է նորա գոչյունը,— նշանակում է, թե մուզայք կան Մասյաց դարևանդի վերար: Իսկ այն բանը, թե «Հայաստանը ունի յուր ծոցումը քնքուշ մուզայք, որոց անմահ հիշատակները անդադար ողբում են և կոծում են ազգիս փառք և պարծանքը ուրացող մարդկանց գլուխը». ես ամենևին չեմ հասկանում, թե ինչ կամի ասել, որովհետև նայելով քերականական կանոններին, ուրիշ խոսքերով միևնույն միտքը այսպես է դուրս գալիս, թե «անմահ հիշատակները մուզաների, որ Հայաստանը ունի յուր ծոցումը. անդադար ողբում են և կոծում են ազգիս փառք և պարծանքը ուրացող մարդկանց գլուխը».— նշանակում է, Հայաստանի մուզաները չեն, որ ողբում են, այլ նոցա անմահ հիշատակները։ Այսպես չէ կարելի խոսել, որովհետև բուն անմտություն է։ Բայց արի տես, որ ես և իմ նման մարդիկ շատ, թող ասել և Հյուսիսափայլ կտրիճ և անխարդախ օրագիրը, առանց կարոտելու վերացական անունների գործակցությանը, առանց կարոտելու քնքուշ մուզաների գործակցությանը, ողբում ենք անդադար օբսկուրանտների թշվառ գլուխը, և շատ կարելի է, որ մեր արտասուքից մի քանի կաթիլ բաժին հասած լինի և պ. Իսահակյանցի գլխին։

92