Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թռչուն Կազվարի անունով, բայց ի՛նչ կաղվար․ մի մեծ թռչունի վերա, որ ես որոշ չնկատեցի, որի մասին ոմանք արագիլ և ոմանք մսրահավ ասացին, դրել է թաղիքից (քեչայից) շինած վահանի նման բան, այլև շրջապատելով փետուրներով և ներկելով ոտքերը, հավատացնում է, թե մանուկ կազվար է։ Ինչպես կարելի է, որ արագիլը կամ մսրահավը թեև ծածկված էին վահանի տակ, չհայտնեին յուրյանց ինչ լինելը։

Կառավարությունը իմանալով այս խարդախությունը, դուրս վանեց վաճառահանդիսից: Լսած էի, թե Կեսարիայում էշ ներկում են, բայց արագիլից և մսրահավից կազվար շինել, ծածկելով մի կոպիտ վահանի տակ, ճշմարիտ լսած չէի։

Ձեր հիշատակարանը կարդացողներից մինը

Ահա իմ ստացած ծանոթությունքս և նամակներս, բացի սորանից պիտի ասել, որ նորերումս հանդիպեցա պ․ Բեգզադեին, որ նոր էր եկել մի այլ քաղաքից, բայց ի՜նչպես վշտահար, վատած և ցավագարված։

Հարցանում եմ․

— Պարոն, ի՛նչ է պատահել քեզ, մի՜ գուցե հիվանդ էիր, որ ենթարկվել ես այդպիսի փոփոխության։ Ինձ պատասխանում է․

— Ես անհավատ մ արդերի հետ գործ չունիմ․ դու ծիծաղում ես իմ վերա։

— Ի՜նչ ծիծաղելու բան կա․ ես քեզանից հարցանում եմ քո այդպիսի փոփոխության պատճառը․․․

-Մի՞թե մոռացել ես իմ տեսած երազը,— պատասխանեց պ.

Բեգզադեն։

-Չեմ մոռացել, բայց ի՛նչ հարակցություն կա քո տկարանալու և այդ ցնորքի հետ։

— Ցնորք․․․ ցնորք․ բայց այդ բանը մաշում է իմ հոգին։ Դորա հետ միացավ և այժմյան պոչավոր աստղի երևիլը․ այդ ևս վատ բան է նշանակում, այնպես չէ՞ ։

-Այնքան վատ, որքան քո տանից դուրս գնալով երևելը փողոցի մեջ։

— Արի քո Հետ խոսիր․ ի՛նչ մարդ ես․ ինձ և այդ աստղը մի շինեցիր․ խղճմտանք չունի՞ս, աստուծուց չե՞ս վախենում․ ես մի մեղավոր մարդ, բայց նա սուրբ․․․
— Ինչի՞ց գիտես դու նորա սրբությունը։
— Եթե սուրբ չլիներ, ի՜նչ է շինում երկնքումը։