Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մը տված պիտի ըլլա. վասն զի անոր հնարագիտության բառգիրքը ճոխ ու ընդարձակ է։

Այո՛, չենք վախեր ասելու, թե Գաբրիել վարդապետն է անիկա, որ ճշմարտությունը ստության կամ երևակայալ բանի մը տեղ ի գործ կը դնե, ազգուրացությունը՝ ազգասիրության տեղ, կրոնադրուժությունը՝ հավատապահպանության տեղ, տիրադրուժությունը՝ տիրասիրության տեղ, մատնությունը՝ հնազանդության տեղ, հարստահարությունը՝ ազգաշինության տեղ. և այլն, և այլն, ու կը ջանա անոնց հակառակը ցուցնել։

Սակայն թող գիտնա Գաբրիել վարդապետը, որ իր վիճակին մեջ կան այնպիսի խորամուխ աչքեր, որ իր բոլոր հնարիմաց խարդախությունները ու չարագործությունները կը տեսնեն ու կը դիտեն, այնպիսի ճշմարտասեր անձինք, նախանձավորք բարության ազգիս, որ կիմանան իր ամեն ազգադավ դիտավորությունները, ու իր ամեն մեկ շարժմունքը կը հետազոտեն ու երևան կը հանեն և պիտի հանեն. և այն ոչ թե զինքը խայտառակելու մտոք, — վասն զի իրեն պես վատթարի մը հետ խոսելն անգամ անպատվություն կը համարիմք—այլ միայն իր չարարվեստ մեքենաներեն ժողովուրդը զգուշացնելու։

Խոսքերնուս վերջ տալեն առաջ, այս ալ ավելորդ չենք համարիր ասել, որ Գաբրիել վարդապետը մեզ տալու զրպարտվի նոր անունը արդարացնելու համար, պատճառ պիտի բռնե, անշուշտ, մեր անունը այստեղ չհայտնածնիս, սակայն մենք անոր ըսելիքներուն առաջը առնելով, կշտապինք հայտնել ընթերցող հասարակությանը, որ մեզ քաջ հայտնի է, թե ինչպե՞ս Այվազովսքին իրեն ճիզվիթական լայնարձակ մեքենաներովը միշտ հալածեր է ճշմարտության պաշտոնյաները ու շատ անգամ անոնց ձայնը խեղդեր է. ուստի և մենք մեր անձը խնայելով չուզեցինք անմեղ տեղը զոհ ըլլալ. բայց կը հուսամք, որ օր մը ճակատնիս և անուննիս բաց, պատիվ կունենանք այս խոսքերը և ասկեց ալ ավելին ըսել իրեն և այն ժամանակ կիմանա թե ո՛վ է իրեն հետ խոսողը։

Առայժմ այսչափովս գոհ ըլլալով, խնդրեմ, արգո խմբագիր, որ ազգի ցավերովր վշտացած սրտի մը խոսքերուն տեղի տաք ձեր ազգօգուտ հանդիսին մեջ, և ապահով ըլլաք իմ մշտատև բարեկամությանս որ առ Ձեզ։