Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օրենքի կատարումը չափված չէ ժամանակով, ուստի գլխավոր ներգործող անձին որակությունքը կարող են ազդել այդ կատարման ժամանակի վրա. և ցավում է, որ Մեկենտոշից ջոկ ուրիշ հեղինակները շատ քիչ ուշադրություն են դարձնում պատմության հոգեբանական տարրի վրա։ Այստեղ դարձյալ ասում է, թե ներգործող անձը հանդես չէ գալիս որպես լոկ գործիք, այլ ինքնակայապես կամ որպես պաշտպան, կա՜մ որպես հակառակորդ պատմության օրենքի և այլն (Собран. соч. Грановского т. 2. եր. 319—320։ Այն հատվածի մեչ որ գրել էր Օդենի գրքի վրա Histoire de Henri VIII et du schisme d’Angleterre, par M. Audin, Paris, 1847, 2 vol.):

Հեգելը անդրդվելի հետևելով իր դրության, մի ուրիշ տեղ (Փիլիսոփայության պատմության հառաջաբանի մեջ, երես 9) ասում է թե «պատմության փորձերը անպտուղ են անց կենում, խրատական հետք չթողնելով մարդկային հիշողության մեջ»։ Ինձ թվում է, թե այս անպտղությունը բնական է, որովհետև ապագա մարդը ենթարկվելով իրժամանակի ազդեցության կրավորականապես պիտի ներգործե ժամանակի ոգուն համեմատ, այստեղ անցածի խրատը հազիվ թե կարող է արժեք ունենալ. Գրանովս[կին] խոստովանում է այս, բայց թույլ տալով պատմական խորհրդի ազդեցությունը, որ ասել էր անցածի, մնացած ավանդությանց հիման վրա (տե՜ս Գրան[ովսկու] ճառը, կարդացած Մոսկվայի համալսարանում 1852, հունվար 12, տարեգլխի հանդիսի պատճառով. Гран[овский], т. I, եր. 27)։ <<Օրենքը պատմաբանաբար հասկանալը, — ասում է Հեգելը իր աշխատություններից մեկի մեջ, — որ (այսինքն հասկանալը) աշխատում է ցույց տալ նորա (այսինքն օրենքի) հիմքը մոռացված սովորությանց և արդեն մարած կյանքի մեջ, դորանով իսկ պարզապես վկայում է, որ այդպիսի օրենքը կենդանի ներկա ժամանակի մեջ ոչ խորհուրդ ունի, և ոչ արժեք»։ Այս դրությունը ավելի պարզ կերպով հասկացնում է և արդարացնում է իր (այս երեսի սկզբում) փիլիսոփայության մասին դրությունը։ Ինչպես հրճվանք է գալիս մարդու վրա, որ կես դար առաջ միմիայն հռչակավոր փիլիսոփային հասկանալի և ըմբոնելի դրությունը այսօր կարոտություն չունի ապացուցանելու նաև շատ միջակ հասկացողությամբ մարդոց։

Բայց դու տե՛ս, որ Հեգելի դրությունը ներգործում է և իր փիլիսոփայության վրա, որի ժամանակը անցած լինելով, կարող է նայվել որպես անցած կյանքի առաջացուցած արդյունք, որպես հիշատակարան գերմանական ոգու կերպարանագործության պատմության մեջ, և ոչ ավելի: