Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միթե վրեժխնդրության հավասարությունը ավելի հզոր ներգործող է ընկերությունը ապահովելու համար։

Եսական ոգով վարակված ընկերության մեջ նույն ոգին հանցանք է գործում, նույն ոգին դարձյալ պատժում է հանցանքը։ Սորա արդյունքը որչափ որ ըստ երևույթին արդարություն և հավասարություն է, այնուամենայնիվ էականապես և դրականապես ընկերությանը վնասակար: Սիրով ոգևորված ընկերությունը, սիրուց ստեղծվելով հնար չունի հանցանք հղանալ, հանցանք գործել, և նույն սերը դաձյալ ընդհանրական փոխազդեցությամբ եղած հանցանքն էլ ներում է, որով զարմանալի կերպով փոքրացնում է հանցանքների թիվը և կյանք է տարածում:

Ի'նշ է այս քննությանց արդյունքը:

Մովսիսի կրոնից աղբերանում է մահ, իսկ քրիստոնեությունից՝ կյանք:

Առաջինից փոխադարձ վրեժխնդրություն, իսկ երկրորդից փոխադարձ ներողություն. առաջինից ժառանգական և հավիտենական թշնամություն, իսկ երկրորդից մշտնջենական սեր և հաշտություն. առաջինից եսականություն և վայրենություն, իսկ երկրորդից անձնազոհություն և քաղաքակրթություն:

Եթե թերևս հավասարության անունով պիտի պաշտպանեն <<ակն ընդ ական» վարդապետությունը, մենք թքում ենք այն հավասարության վրա, որ երևում է միայն թշվառության և մահի մեջ և հոժար ենք անհավասար լինել չարագործության մեջ, երջանկությամբ էականապես և դրականապես հավասար լինելով: Այս մտածմունքը ազդեցին ինձ վերը գրված փիլիսոփայության վրա մտածությունքը: Օգոստոս 12, 1863 թվական: Որևիցե փիլիսոփայի փիլիսոփայական համակարգությունը ուղղակի աղբերանում է այն ազգի կյանքից և պատմությունից, ինչ ազգի ինքը պատկանում է. այսպիսի դիպվածում փիլիսոփան կանգնած է յուր սեփական հողի վրա։ Ապա եթե նորա համակարգությունը բացի իր ազգի կյանքից ունի իր մեջ և օտար ազգի կյանքի ոգին, որ ընդունելով որպես նախագաղափար, հետևում է նորա ազդեցության տակ տրամադրել յուր ազգային կյանքից բխած փիլիսոփայությունը, ինչպես Հեգելը անում է միշտ, աչքի առջև ունենալով հունական իդեալը, այն ժամանակ նորա փիլիսոփայական համակարգությունը իր ամբողջության մեջ երևեցնում է օտար տարրի խառնուրդ։ Եվ որչափ իրական լինի նորա համակարգությունը, այնուամենայնիվ մի մասնով պատկանում է վերացականության, որովհետև մի ոտքը դրած է լոկ գաղափարի վրա,