Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ո՞ր աշխարհի մեջ տեսված է, որ եկեղեցականը, քաղաքական կամ քրեական հանցանքների համար դատվի կրոնական ատենի առաջև։

Մեք բողոքում ենք, մինչև այժմ հայոց մեջ եղած այս անկարգության ընդդեմ։ Մեր հոգը չէ, եթե այդ կտորը սխալմամբ անցած ևս է Սահմանադրության մեջ[1]. դորա հակառակ դարձուցանում ենք ազգի ուշադրությունը այս բանի վերա և խնդրում ենք սրբագրել, եթե հիրավի առանց բացատրության ասված է, թե եկեղեցականների դատը պատկանում է Կրոնական ժողովի տեսչության։ Եկեղեցականը, քաղաքական և քրեական գործերի պատճառով պիտի դատվի քաղաքական և քրեական ատյանների առաջև, միայն Կրոնական ժողովի կողմից մի պատգամավորի ներկայությամբ, որ հարկ դիպվածում պաշտպանե պարտավորվածի իրավունքը, եթե քաղաքական կամ քրեական ատյանները հակին դեպի անարդարություն։

Եվ մի՞թե եկեղեցականը, գողության, անառակության և սպանության համար պիտի հանդիման լինի կրոնական ատենի առաջև, մի՞թե այդ կրոնական ատյանը գողությունը, անառակությունը և սպանությունը պիտի համարե կրոնական խնդիրներ, ուրեմն և Կրոնական ժողովի դատաստանին ենթակա․ մի՞թե այդ հանցանքները գործող եկեղեցականը նույն պատիժը կրելու չէ, ինչ որ պիտի կրեր մի աշխարհական։ Այդպիսի դիպվածում, եկեղեցականությունը չէ՞ դառնում արդյոք մի ապաստանարան, ուր կարելի էր ամենայն անօրենություն գործել անպատիժ։ Եվ եթե այդպես պատահի, ձախողյկի, այնուհետև այդ եկեղեցականությունը պիտի դատավո՞ր նստի ուրիշի խղճմտանքին, պիտի հանդգնի բերա՞ն բանալ, մա՞րդ խրատել, իրավասությո՞ւն բանեցնել։ Ողորմելի է այն մարդը, որ պիտի ընունե այդպիսի եկեղեցականությունը։

Մեր համար, օրենքի և իրավունքի առաջև, ոչ եկեղեցական կա, ծայրացյալ իրավունքներով և ոչ անհագագ ստրուկ զրկված ամենայն իրավունքից և արտոնութենից․ երկու դիպվածում ևս տեսանում ենք լոկ մարդ, բոլոր մարդկային կատարելութեններով և թերութեններով։ Ուստի, մինի միստիկական իրավունքը և պատիվը երկրորդի ստրուկ համարվելու սուտ փաստի հետ միասին մեր կողմից պարոն Չամուռճյանին ընծայելով, շտապում ենք ասել, որ օրենքի և իրավունքի առաջև քննվում է և դատվում է նախ գործը և ապա գործողը։ Գործր գնահատելով կարելի է վարձատրել մի առաքինություն և դարձյալ, պատժել և պատուհասել մի չարագործություն»։

14

  1. Այս տողերը գրելու ժամանակ մեր ձեռքում չունեինք Սահմանադրությունը և մեր Հիշողությունը զլացավ մեգ օգնել․ ըստ որում Պոլիս, ճանապարհի վերա․ մի անգամ գեթ կարդացինք այդ փրկարար կանոնադրությունը։