Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամուսնությունը լուծել և վերստին պսակ դնել մի այլ մարդու հետ:

Մի ուրիշի ամուսնություն հինգ հարյուր ղուռուշի համար լուծել և վերստին այլ մարդու հետ ամուսնացնել։

Հղի կինը կապել և այնքան ծեծել, որ հղացած զավակը վիժե և այլն և այլն և այլն։

Մեք սարսափում ենք այս տողերը գրելով, որովհետև արյամբ չափ հարգում ենք մարդկային ազատությունը և իրավունքը, իսկ պարոն Չամուռճյանլը, այս հանցանքների մոտից թեթևությամբ քերվելով, ինկվիզիցիոնական է համարում Պողոսը դատաստանի մատնելը և մտածում է թե այդ անտեղի և գեղջուկ բացագանչությամբ պիտի կարողանա բռնաբարել ազատությունը. խե՜ղճ մարդ։

Մեք, մեր ամբաստանված նամակով, այդ չարագործությունների համար, մեր կարծիքը Պողոսի մասին հայտնեցինք այնպես, որ ավելի ասելու չէինք, եթե այն բռնաբարված աղջիկը լիներ մեր քույրը, եթե այն ծեծված կինը լիներ մեր ամուսինը, բայց կարծում ենք, թե պարոն Չամուռճյանը այնպես խոսելու չէր, ինչպես այժմ խոսեցավ, եթե Պողոսի չարագործության ենթակա եղած լիներ յուր քույրը կամ կինը։

Ինչի՞ համար է այս խտրությունը, ի՞նչ բանով ավելի իրավունք ունի պարոն Չամուռճյանի պատվելի դուստրը կամ ամուսինը, քան թե մի վանցի լլկված և բռնաբարված անմեղ աղջիկ, քան թե մի նահատակված կին, քան թե մի զավակ, որ, դեռ հրապարակի լույսը չտեսած, սպանվում է պարոն Չամուռճյանի վարդապետի ձեռքով և մոր արգանդից տեղափոխվում է դեպի գերեզման։

Եվ այս տեսակ անասելի և անլսելի ոճիրների համար, չարագործը եկեղեցական կամ քրիստոնյա չճանաչելը հանցա՞նք է կամ անօրենությո՞ւն, ինչպես կամի հավատացնել մեզ պարոնը յուր տիտայական փիլիսոփայությամբ։

Եվ ո՜վ է այն մարդը, որ պիտի փակե մեր բերանը այս անօրենությունների ընդդեմ բողոքելուց, ո՛վ պիտի համարձակի բռնանալ մեր ազատ խղճմտանքի վերա և հարկադրել եկեղեցական ճանաչել մի պիղծ էակ, որ կորուսանում է յուր սոսկ մարդ կոչվելու իրավունքը անգամ. պարոն Չամուռճյա՞նը, յուր փտած ու վաճառված գրիչով, թե՞ Կրոնական ժողովը յուր մտացածին իրավասությամբ։

Ի՞նչ ունի մեզ ասելու Կրոնական ժողովը, եթե ասենք նորան, թե Կրոնական ժողովի գործը և պաշտոնը է քննել և դատել հոգևորների այն գործերը միայն, որ ուղղակի վերաբերություն ունին դավանաբանական խնդիրների։

13