խարհն է, այնպես կլինի և մարդու կյանքը և ինչպես կյանքը, նորաՆ համեմատ կլինի միտքը։ Եվ լեզուն, որ ուրիշ բան չէ, եթե ոչ մտքի հայտարարը, բնականապես պիտի նմանի մտքին, նորա ձևը ուրիշ բան չէ կարող լինել և չպիտի լինի, եթե ոչ մտքի ձևի ցոլացումը։
Սորանից պարզ երևում է, որ գեղեցկություն խոսքը, լոկ անզոր խոսք է, եթե գործ է դրվում հին լեզվի իրավունքը ջատագովելու համար։ Անշուշտ, այն գեղեցկությունը, որի մասին մենք խոսեցանք, այսինքն հարաբերաբար դրական գեղեցկության տեղ առնվածը, այլ է մի ուրիշ գեղեցկությունից, որ ամենևին բան չունի բնության հետ, այլ կախվում է միայն ճաշակից, սովորությունից և հասկացողությունից, ուստի և ամեն օր փոփոխության է ենթարկվում։ Անցյալ տարվա գեղեցիկը այսօր է տգեղ լինում, իսկ այսօրվա գեղեցիկը առաջիկա տարում: Սորա պարզ և շոշափելի օրինակը թերևս շորերի վրա տանք։ Տասը տարի առաջ, թողնում եմ դարերով առաջինները, մեր հագած շորերը, որ շատ գեղեցիկ էին թվում մեզ, այսօր մարդ չկա որ հագնի. և եթե ծակու ծուկից մի մարդ դուրս էլ է գալիս այն շորերով, ի՜նչպես տգեղ է երևում մեզ։ Տարակույս չկա, շորը նույնն է, ինչ որ տասը տարի առաջ շատ գեղեցիկ էր երևում և մենք էլ էինք հագնում, հիմի ի՞նչ եղավ, որ նույն շորը շարժում է մեր ծիծաղը. և ոչ մինչև այսչափ, այլ շատ անգամ և զզվա՜նքը։ Եթե բաց աչքով տեսնում ենք շորի նույնությունը, նորա անփոփոխությունը, ինչպես էր տասը տարի առաջ, ապա ուրեմն այն ժամանակվա գեղեցկության և ներկա տգեղության պատճառները պիտի փնտրենք մեր մեջ։ Որովհետև, եթե երկու բանի նախնի հարաբերությունը փոխվել է, հարկ է թե այդ բաներն են փոփոխության ենթարկվել, և որովհետև պատկերները, մեր աչքը և հիշողությունը մեզ վկայում են, որ շորը չէ փոխվել, ապա ուրեմն մենք ենք փոխվողը, այսինքն մեր հայացքը։ Հայացքը մի կախարդական դիտակ է, որի մեջ ճաշակի, սովորության, հասկացողության և ժամանակի ապակիքը վարում են ամենամեծ պաշտոնը. միևնույն բանը ցույց են տալիս մեզ առաջ գեղեցիկ ներկում են նորան զանազան հրապուրիչ գույներով, հետո ասես թե աչքից ձգելով կամ բարկանալով այդ բանի վերա, այսինքն գարշելի կերպարանքով և դժգույն ներկերով ներկում են, որ մենք հրաժարվում ենք նորանից։ Եվ այս խաղը խաղում է դիտակը միևնույն բանի հետ երբեմն և քանի մի անգամ, այսինքն մեզ տգեղ երևեցնելուց անարգել տալուց ետքը, մի անհասկանալի կամապաշտությամբ, վերստին հաշտվում է այն բանի հետ և սկսում է վերստին կախարդել մեր աչքը։
Հայտնի է, թե հին լեզվի գեցեցկության իրավունքը գեղեցկության