Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նորա տգեղությունը, մյուս կողմից «հայոց աշխարհի փափկասուն տիկինների» գեղեցկությունը: Ասենք թե խելագարվեցա և դուրս ձգեցի, դորանով ի՛նչ կշահվիմ, այն փափկասուն տիկինները կկենդանանա՞ն, ուր գան իմ պետքերին ծառայեն։ Իսկի առասպելի մեջ, Շամիրամը իր թալիսմաններով և առլեզներով չէ կարանում Արայի նոր անշնչացած դիակը կենդանացնել, ես երկու հազար կամ երեք հազար տարվա մեռած գնացած կանա՞յքը պիտ կենդանացնեմ և այն այս իրական աշխարհում, այս անողոքելի դարում, որի թագավորը չէ մի որպիսի և իցե քնաբեր նանիկ, այլ այն արգասավոր սկեպտիցիզմը, որ վերցնում է մարդկային մտքի ամլության նախատինքը։

Հեռու ենք մենք մեր այս գործը այս տեսակ օրինակների շատությունով բեռնավորելու դիտավորությունից, որովհետև աշխարհի երեսին ոչինչ այնքան շատ չկա, որքան մի բնական երևույթի կամ իրողության օրինակ. բացի սորանից այն բանը ինչ որ անցել է մեր լեզվի գլխից, ո՞ր ազգի լեզվի գլխից չէ անցել։ Հավաքել այդ բոլորը և նոցանով խճողել ու հաստացնել մեր աշխատության փորը' ձանձրալի է թվում մեզ և կարծում ենք, որ ընթերցողքը ևս իրավունք կունենային ձանձրանալու։ Բայց մի քանի օրինակ հարկ եղավ դնել, որովհետև չկամեցանք չոր դրություններով միայն շատանալ։ Բայց այս օրինակները դրինք, ոչ թե խոստովանելով հին լեզվի դրական գեղեցկությունը կամ նորի դրական տգեղությունը, ո՛չ. այլ միայն թույլ տալով և թույլ տալուց ետքը նույնիսկ օրինակներով մեր դրությունը պաշտպանելու և հակառակ կարծիքները շոշափելի փաստերով մերժելու համար։ Խելքը գլխին մարդը տեսնում է պարզ, որ հին լեզվի իրավունքը, երբեք ավելի չէ նոր լեզվից, հին լեզուն ավելի գեղեցիկ չէ, քան թե նորը, հին լեզուն ավելի ուժով չէ, քան թե նորը, թեև սա հին լեզվի և հարյուրում մասի չափ էլ մշակված ու գործածված չէ։ Խոստովանում ենք, որ նոր լեզվի մեջ կան թերությունք կամ ճապաղությունք. ավելի իրավունք կար զարմանալու, եթե չլինեին դոքա, որովհետև այդ լեզուն մինչև այժմ գրի տակ ընկած չլինելով և չմշակվելով, բնականապես պիտի ունենար այդ թերությունքը։ Բայց հին լեզուն, նույնպես, չունի՞ իր թերությունքը։ Նորա մեջ կան բառեր, ձևեր, որ նորի մեջ չկան, որովհետև շատ այդպիսիների գաղափարքը պետքերի հետ միասին կորած են և չկան ներկա հայի համար, բայց և նոր լեզուն ունի իր կենդանի և շարժուն ձևերը ու ոճերը, որպես ներկա գաղափարների և պետքերի հայտարար, որ հնումր չկան։ Եվ ինչո վ կտաշվին, կկոկվին նոր լեզվի պակասությունքը, եթե ոչ մշակությամբ, և գրի տակ ձգելով, ինչո՞վ կսահմանափակվեն նորա