ճապաղությունքը, ինչո՞վ կազնվանան նորա ձևերը և ոճերը, եթե ոչ ուսումնասիրելով այդ լեզուն, գործ դնելով նորան և օրեօր աճեցնելով։ Իրավունք ունի Բեկոնը, մինչ ասում է, <<Կարդալը հարստացնում է մարդու միտքը, խոսելու մեջ վարժվելը Հաջողագյուտ է անում նորան, իսկ գրելը սորվեցնում է ճշտություն»: Իրավ որ կենդանի խոսքը ավելի ճապաղ է, քան թե գրությունը, որ ավելի քիչ խոսքով իմացնում է նույն գաղափարը։ Հայտնի է, թե նոր լեզուն ապաստան մնալով միմիայն հասարակ ժողովրդի բերնին, պիտի ճապաղ լիներ ընդհանրապես, որովհետև գրի մեջ չմտնելով ճշտված և սղմված չէին նորա ձևերը կամ ոճերը։
Կարող են մեզ ասել, թե մինչև այժմ մեր բերած վկայությունքը և ապացույցքը ավելի վերա բերվում են այն խնդրին, թե ո րը պիտի նախընտիր համարենք, հի՞ն, թե՞ նոր լեզուն, քան թե այն պատճառներին, թե ինչո՛ւ համար չէ կարելի առաջ տանել նոր լեզվի մշակությունը հին լեզվի ազդեցության ստրկանալով։
Բայց սորա ընդդեմ մենք ասում ենք, որ հին լեզուն նորից նախընտիր, գեղեցիկ և մշակված համարվիլը շատ պինդ կապված լինելով նոր լեզուն բռնաբարելու և հնի ազդեցության ստրկացնելու անխորհուրդ ձգտողության հետ, այո՛, մեր փաստերը երկու խնդրի ընդդեմ ևս կարող են գործ դրվիլ։ Որովհետև եթե հին լեզուն նախընտիր համարելով նորը անարգելը և ոտնակոխ անելը նմանում է կենդանի զավակը սպանելու, այն պատճառով, որ նորա մեռած մայրը ավելի գեղեցիկ էր, նույն այն հին լեզվի գեղեցկության պատճառով նոր լեզուն էլ քաշկռտել և ժողովրդի իրավունքը բռնաբարելով, կենդանին մեռելի հետ պատանքելը, նմանում է այն բանին, եթե տեսնելով, որ նորածին, բայց կենդանի մանուկի քիթը ավելի երկայն է, քան թե նորա մեռած մոր քիթը, մտա+ծող լինի կտրել դանակով ավելորդ երկայնությունը, կամ եթե կարճ է, աքցանով քաշելով երկարացնել, որ միաչափ լինի մոր քթի հետ, նույնպես և մյուս անդամները կամ գույնը։ Պարզ է, թե այսպիսի գործողությունը նորածին մանուկի կազմվածքի վրա, անշուշտ մահառիթ են, և եթե մահ էլ չպատճառեն, ապա ուրեմն պիտի համաձայնել, որ ավելի այլանդակում են մանուկի կերպարանքը, քան թե գեղեցկացնում, պատճառ, բնության անբռնաբարելի իրավունքի վրա չէ կարելի անպատիժ ձեռք բարձրացնել։
Հայտնի է, թե մանուկը, բնականապես, պիտի աճե և զորանա այն կերպարանքի տակ, ինչ կերպարանքով ծնել է իր մորից, կրթությունը և դաստիարակությունը պիտի օգնեն նորան, որ նա դառնա ընկերության պիտանի անդամ։ Բայց իր մորը նման չէ, կամ այնպես գեղեցիկ չէ։