Բայց այս է բանը, թե պարոն Չամուռճյանը, ի՛նչ նկատմամբ արդյոք եկեղեցականների դասը աշխարհականներին անմերձենալի քարոզելով, բարձրացնում է մինչև քուրմերի և եզվիտների կացությունքը:
Ոչ բնավ պիտի ընդունինք այս դրությունը, քանի որ մեր եկեղեցականք ժողովրդի ընտրությամբ և հավանությամբ լինում են եկեղեցական, քանի որ մեր եկեղեցու կառավարությունը սահմանադրական է, քանի որ մեր եկեղեցականներին դեռևս շատ բան պակաս է եգիպտական քուրմ կամ եզվիտ լինելու համար։
Այս դրությունը մերժելով վերստին կրկնում ենք, թե եկեղեցին ազգն է, իսկ հոգևորականությունը սպասավոր այդ եկեղեցուն։ Ազգը, ամենայն օր իրավունք ունի, այդ հոգևորներից մինը յուր լավության համար պատվելու և սիրելու, իսկ մյուսը, յուր վատթարության համար, դատապարտելու և պատժելու։
Մեր փույթը չէ, եթե, ոտքից մինչև գլուխ միստիկականությամբ խմորված, պարոն Չամուռճյանը նայում է հոգևորների վերա, որպես անմերձենալի մարդերի վերա. մեր փույթը չէ, եթե մյուս կողմից Կրոնական ժողովը յուր տեսչության սեփական համարում է հոգևորների դատաստանը, մեք կրկնում ենք, թե հոգևոր անձինք, որպես մարդ և որպես անդամ եկեղեցու ազատ չեն հասարակաց ազգի անկողոպտելի իրավասութենից և հասարակաց ձայնը, հասարակաց բողոքը, մի հոգևորի անօրեն գործերից, լիակատար զորություն ունի մարդասպանը, գողը, պոռնիկը, շունը, հարստահարողը, վեսը, ամբարտավանը, ազգատյացը և այլն և այլն եկեղեցու բեմի վերայից չքացնելու համար։
Թող չվախենա պարոն Չամուռճյանը, այս դատապարտության հետ ոչ երբեք հարակից է այն թատրոնական գործողությունը, զգեստավորելով և մերկացնելով յուր քահանայական զգեստներից պարտավորվածը։
Այդ դատապարտության մեջ, որպես նաև դատավճիռը գործ դնելու մեջ, պաշտոնակատար է միմիայն խղճմտանքը և իրավադատությունը։
Այս խոսքերը ասելուց հետո ամենայն իրավունք տալիս ենք պարոն Չամուռճյանին, կամեցածի չափ, Մաշտոցի կամ Սուրբ գրքի խոսքերը քաշքաշելու։
Մյուս կողմից, Կրոնական ժողովը, եթե ստուգիվ, և ոչ որպես խրտվիլակ[1] կա մի այդպիսի ժողով, ապա ուրեմն նա կազմված չէ հոգևորների
- ↑ Այս խոսքի վերա դարձնում ենք պարոն Չամուռճյանի մասնավոր ուշադրությունը և շտապում ենք ասել, որ չկամեինք խարտավիլակ ասել, որպես առաջին անգամ չկամեինք խրտվիլակ ասել, թեև պարոնը այն տպագրական սխալը մատին փաթեթ էր շինել