Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անարժանությունքը քողարկելով ժողովրդի գայթակղությունը զորացնելու համար, նա կազմված չէ անիրավությունը պաշտպանելով, հարստահարված ազգին թշվառության մրուրը մինչև տակը խմեցնելու համար, այլ այգի ապականող աղվեսները բռնելու և հոտը գիշատող գայլերը ջնջելու համար:

Ազգը չէ հոգևորների համար, ուրեմն և ոչ Կրոնական ժողովի համար, այդ գաղափարը թող հանեն միանգամ յուրյանը մտքից, այլ հոգևորը և Կրոնական ժողովը եղած են և կան ազգի համար, և նոցա հարուցանողը, պահողը և դարմանողը ազգն է դարձյալ։

Անցան այն ժամանակները, երբ մարդիկ ոգևորվում էին վերացական և միստիկական բաներով, անողոքելի իրական աշխարհը, երկաթի գավազանը ձեռքում, պահանջում է յուր արդարացի հարկը։ Մարդկությունը կապված է երկրագունդի հետ. փորձերը ուսուցին նորան, յուր երջանկության և թշվառության պատճառները գտանել երկրադունդի վերա:

Անցան և անդառնալի անցան այն խավար օրերը, երբ մարդիկ երջանիկ էին համբուրելով մի սևագլխի քղանց կամ շատ անգամ զոչաքաղությամբ և պոռնկությամբ ապականված մի ձեռք։

Ո՛հ, ինչ սարսափելի վիհ կա այն անցած օրերի և այժմուս մեջ։ Այս րոպեիս այդ մարդիկը քաջ գիտելով, որ արժանավորությամբ չեն կարող շահիլ ազգի համակրությունը, փորձ են փորձում բռնանալու նոցա վերա, կոպիտ ուժի օգնությամբ, կամ յուրյանը խավար ատմոսֆերի մեջ նզովքի փայլակներ փայլատակեցնելով։

Երանի՜ այն մարդուն, որ յուր անձը և գրիչը կնվիրե դոցա անբնական իշխանությունը ազգի վերա պահելու համար, երանի՜, որ կաշխատի ճնշյալ ժողովրդի իրավունքը իսպառ ոտքի տակ առնելու համար։

Վա՜յ մեզ, որ ոչ երբեք պիտի արժանանանք այս երանության։

Փա՜ռք, ի խոնարհ, հՅուսկյուտար, պարոն Չամուռճյանին․..

Պարոն Չամուռճյանի և մեր գրվածներից պարզ երևում է, որ մեր երկուքի ճանապարհը այլ է բոլորովին, և սոքա այնպիսի ճանապարհներ են, որ ոչ բնավ հանդիպում են միմյանց։

Մեր նվիրական պարտականությունն է, որչափ մեր ուժը կտանի, սպասավորել մարդկության, քանի որ միասին ապրում ենք երկրագունդի վերա. խոստովանում ենք մեր տկարությունը, որ չենք կարող բաժանվիլ երկրագունդի մակերևույթից։

Պարոն Չամուռճյանը, գտանվելով երկրագունդի վերա, ապրում է շատ հեռի նորա մակերևույթից. երկիրը փոքր է նորա մեծությանը տանելու

2-715