վրա, այլ, ուղղություն տալ նորան և սահմ անափակել նորա կարողությունը, որ իբրև էլեկտրականության լավ առաջնորդ, կամուրջ է լինում օղի և երկրագունդի մեջ, այնպես որ ատմոսֆերի էլեկտրականությունը այն կամուրջի միջնորդությամբ կպչելով երկրագունդի էլեկտրականության հետ, կապվում է և ուղղվում է դեպի երկրագունդի էլեկտրական կենտրոնը, որ նույն պիտի լինի և նորա երկրաչափական կենտրոնի հետ, որովհետև ջերմությունը նույնպես աղբյուր է էլեկտրականության, և որովհետև երկրագունդի կենտրոնը հալված վիճակի մեջ է իր անչափելի բարձրաստիճան ջերմությունից։
Եթե հայոց ազգը դարերով ստրկանալով պարսից, մոgոլների, սելջուկյան թաթարների, արաբացոց, օսմանցոց, եգիպտացոց, կամ դեռ չգիտեմ ինչացոց, այն պատմական դառը դեպքերի տակ ընկճված, մեռած ու հոգին բերանը եկած, չէր կարող բնական օրենքի ազդեցությունը քերել իր վրայից, չէր կարող չընդունել այն տիպը և կնիքը, որ այնքան դարերով, կրակով և բարձրաստիճան ճնշողությամբ դրոշմում էին նորա փափուկ սրտի վրա, եթե նորա կյանքը ենթարկված էր այն ազգերի անպայման ազդեցության, միտքը, որ կյանքի հետ լծակից է, լեզուն, որ մտքի հայտարարն է, ինչպե՛ս կարող էին ազատ մնալ այն ազդեցությունից։ Մի դեզ խոտ, մի բուռը հող դնում ես մեջտեղը ու ետքը բոլոր աշխարհը ծածկում ես ջրհեղեղով, էլ խե՞լք է այնուհետև պահանջել, որ խոտը չոր մնա, կամ հողը չցրվի։ Հայտնի է, թե հայոց ազգը գեդեոնյան բրդի կամ մովսիսյան մորենու սքանչելի որակությունքը չէր կարող ունենալ, որ ցողը նորան չթրջեր կամ կրակը չէրեր։ Դեռ մեծ տղամարդություն է հայոց ազգի կողմից, որ այնքան կարողացել է պահել, որ այսօր մեզ պես, ազգի կորած, շվարած որդիքը կարողանում են նորա կենդանի խոսքով երկու տող գրել։ Այո՛, մենք շատ խոտեր գիտենք, որ այսպիսի ջրհեղեղներից փտեցան, շատ հողեր գիտենք, որ ցիր ու ցան եղան, որոնց անունն անգամ մոռացված է այսօր։
Լա՞վ է եղել, վա՞տ է եղել, խնդիրը այդ չէ։ Ամեն մարդ գիտե, որ այդ սոսկալի տարաբախտությունք էին, զարհուրելի հարվածներ, սարսափելի փոթորիկներ, որ անցան մեր ազգի գլխից, բայց որ եղել են ու պատահել են և իրենց հետքն էլ թողել են ազգի կյանքի, նորա մտքի և նորա լեզվի վրա․ կարելի՞ է այս բոլորը ուրանալ և քերել հանել։ Ոչ ոք ուրախ չէ, ոչ մեկիս սիրտը չէ փառավորվում մեր հիշատակարանների կեսը արյունոտ, իսկ կեսը դարավոր արտասունքից փտած թերթերը դարձնելու ժամանակ, բայց ի՛նչ օգուտ. անցածը հետ կգա՞։ Եթե մնար հայկական անկախությունը, գուցե հայկական լեզվի տրամաբանությունն