Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այլև զենքով և արյունով, եթե մի օր արժանի լինինք զենք առնուլ մեր ձեռքը և մինչև այժմ քարոզած ազատությունը նվիրել և սրբել մեր արյունով։

Ահավասիկ մեր դավանությունը, որի մեջ տեսանում ենք ազգի փրկությունը։

Քրքրելով մեր անբախտացած ազգի թշվառությունների տարեգիրքը, ինչ ենք տեսանում։

Ո՛րտեղ մի գայթակղություն, որի պատճառը չէր եկեղեցական, ո՛րտեղ հարստահարություն, որի հերոսը չէր եկեղեցական, ո՛րտեղ խռովություն, որի խմորը չէր եկեղեցական։

Այո՛, ժամանակը լցված է, ուստի և հրապարակի առաջև ասում ենք. տերութենական լրտես` եկեղեցական, ազգը մատնող և դավաճանող՝ եկեղեցական, փառքի և պատվանշանի համար, թողունք նյութական կողոպուտը... կաթողիկոս թունավորող` եկեղեցական, եկեղեցի կողոպտող` եկեղեցական, չարաչար արբեցության համար պատուհասվելուց փախչելով, յուր եկեղեցուն դրժող և դեպի պապականություն դիմող եկեղեցական, կաթողիկոս չընտրվելու համար հավատն ուրացող՝ եկեղեցական, հրապարակյալ ճակաճանության մասին դատաստանից խիթալով վեղարը գետնին զարկող, կրոնավորական կարգը ուրացող և մինչև յուր անասնական կյանքի վերջը բոզի հետ կենակից՝ եկեղեցական, դպրոցների գումարը անհետացնող՝ եկեղեցական, ի վերջո ամեն բան, եկեղեցական. վասն զի ձանձրալի է մի ըստ միոջե թվել:

Իրավունք չունե՞ր արդյոք Հյուսիսափայլը հայոց եկեղեցու ոտքից մինչև գլուխ ռեֆորմը պահանջելու։

Այո՛, մի տեսակ մարդիկ, կարծելով, թե Հյուսիսափայլի խնդրած վերանորոգությունը վերաբերվում է դավանաբանության, թև առին ու թռան, ո՛հ, ո՛հ, Հյուսիսափայլը բողոքականություն է խնդրում, գոչելով:

Հյուսիսափայլը կրոնական օրագիր չէ և դավանաբանության հետ բնավ վերաբերություն չունի։ Նորան հերի՛ք է, և յուր պարտքը լի կշռով կատարած պիտի համարի, եթե կարողանա երկրայինը միայն քարոզել. աստղերից վեր չկա Հյուսիսափայլ: Ուր թողունք, որ Հյուսիսափայլը ասած էր, թե հարկավոր է որ այս ռեֆորմը կատարվի ինքնուրույնաբար, հեռի մնալով պապական և բողոքական եկեղեցիներից։

Կրոնական հավատալիքը, վերացական բաներ լինելով, այլև խղճմտանքի սահմանի մեջ ամփոփված, պիտի վերանորոգվին կամ հնանան յուրաքանչյուր անձին սրտի և հոգու մեջ լրացյալ ազատությամբ: Ոչ ոք իրավունք չունի բռնաբարել ուրիշի խղճմտանքը և սրտի ազատ խոստովանությունը