Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մենք․ և մեծ պարտականություն կա մեր վրա, գրգռել այդ թոքերի գործունեությունը առողջ օդ ներս շնչելով հերիք է, որքան թմրեցուցիչ թույն մտել է նորա մեջ, մեղ մնում է այժմ դեղթափներ գործ դնել։

Մենք միջնադարյան ազգ չենք, միջին դարերում մենք ընկանք․ միջին դարերում մեր հարստությունը կորուցինք։ Չէ կարող լինել մի այնպիսի բան, միջին դարերի պատկանավոր, որ օգտակար և փրկարար խորհուրդ ունենա մեր համար։ Միջին դարերի ժանգը, որ նստել է մեր վրա, մենք պարտական չենք պահել։ Կան ազգեր, որ միջին դարերում ծնեցան, նոքա ամուր կապված են այդ դարերի հետ և սոցա ժանգը, եթե երևում է նոցա վրա, նոքա դեռ կարող են պատմական իրավունքով արդարացնել․ ժանգոտ օրորոցի մեջ բացին նոքա իրենց աչքերը։ Մեր հարաբերությունը միջին դարերի հետ այնպես չէ։ Իբրև ազգ անտիկյան ենք. իբրև քրիստոնյա, եթե ոչ նույնպես անտիկյան, ըստ որում առաջին երեք դարերում քրիստոնեությունը քաղաքացու իրավունք չուներ Հայաստանում, գեթ անտիկյան դարերի վերջի և միջին դարերի սկզբին պատկանավոր։ Ի՞նչ կարող են մեզ հիշեցնել միջին դարերը․ կործանում, գերություն, կոտորած, արյուն, կրակ, սով, խավար և մահ․ սոքա են մեզ համար միջին դարերի բերածը և նոցա բեռի տակ ճնշված է այսօր հայ մարդը։ Թափել այդ բեռը մեր վրայից, — ահա՛ մեր գործը։ Մեր ազգությունը, մեր կրոնը, ոչ թե վնաս կրելու չէ միջնադարյան ուղղությունքը մերժելուց, այլ դորա հակառակ այդ մերժողությունը միակ պայման է նոքա առաջադիմության[1]։ Քաջ Լամբրոնացին մի ուրիշ դիպվածով աղաղակում է․ «Զմանկունս ծնեալ մեզ ի քաղդէացոց սերմանէն զվիմի հարցուք»։ Մենք, մի փոքր փոփոխությամբ ձայնակից ենք լինում մեր երանաշնորհ վարդապետի բացականչության․ «զմանկունս ծնեալ մեզ ի միջին դարուց սերմանէն զվիմի՜ հարցուք»։ Թողոլնք արևմտյան նոր ազգերին, տեսնելով իրենց հին ասպետական ամրոցների մնացորդքը, ատամնավոր պարիսպները և գոթական տաճարները քաղցրությամբ

  1. Առհասարակ փորձական կամ բնական գիտությանը թշնամիք իրենց անուսումնասիրությունը և նեղ հայացքը հիմնում են այն սուտ վարդապետության վրա, թե այդ գիտությունքը վնասակար են կրոնին։ Այս աններելի սխալ է, քանի որ առաքյալը քարոզում է «աստուծու աներևույթքը նորա արարածներովն են իմացվում»։ Ինչի՞ ուրեմն վախենում են այդ արարածքը քննելուց։ Բնական Գիտությունը առաջ է դնում մինչև բաների սկիզբը։ «Եթե մենք ուզենք ավելի հեռու երթալ, այն ժամանակ մի հատ միայն կտեսնենք պատճառ պատճառի, — արարիչ աստվածը» (Կատրֆաժ, Կերպարանափոխությունը կենդանական աշխարհում, տե՛ս այդ պատվական աշխատության վերջին տողերը):