Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հիշել միջին դարերը, եթե միայն կարող էին, որովհետև նոքա էլ, թեև Հռովմից աղատված, այնուամենայնիվ, ոչ միշտ վարդեր են քաղել իրենց այգիներից. իսկ մենք, որ զոհ գնացինք միջին դարերի խավարին, չենք կարող քաղցր հիշատակ ունենալ նոցա մասին նայեյով մեր ամրոցների, քաղաքների և տաճարների ավերակներին։

Գիտենք զուր չեն անցնում դարերը. այսինքն նոքա իրենց ազդեցությունը անում են ազգերի վրա. ընդունում ենք, բայց ի՞նչ է մեր պաշտոնը։ Ի՞նչ է քաղաքակրթությունը, status quo? ամեն այդ ազդեցությունքը, որոնց հետևանքը և նշմարքը երևում է մինչև այսօր ազգի մեջ, այդ Դանիելի ասած «ավերածի պղծութիվնը» անխտիր սրբացնե՞լ, անխտիր նոցա առջև ծունկ չոքել ու խունկ ծխել, որովհետև մինը հազարամյա է, իսկ մյուսը հինգհարյուրամյա, թե՞ ջնջել այդ ազդեցությանց հետևանքն անգամ։ Եվ եթե պիտի կապենք մեզ այդ խավար անցածի հետ, եթե խոստովանելով մեր հիվանդությունը, այնուամենայնիվ պիտի ուզենք միջնադարյան թարախը պատվաստել մեր վրա որպես նախապահպանողական հնար (ինչի՞ց), եթե նույնիսկ մեր ցավի և հիվանդության պատճառը պիտի առնունք որպես ճար ու դեղ, էլ ու՛ր ենք խոսում կրթության և լուսավորության վրա, ուր ենք առաջադիմություն և քաղաքակրթություն բառերը բերան առնում։

Գեղեցիկ է խոսում հոյակապ Լիբիղը իր նամակների մեջ. «Երևակայությունը, հարյուր հազար դիպվածներում ստեղծում է հարյուր հազար մոլորությունը. և չկա ոչի՜նչ բան այնպես վնասակար գիտության առաջադիմությանը, ոչի՜նչ բան, այնպես հասկացողությունքը խավարեցնող, քան թե մի հին մոլորություն, որովհետև շատ դժար է հերքել սուտ վարդապետությունը, պատճառ, նա հիմնված է այն հասկացողության վրա, թե «սուտը ճշմարիտ է»: Միջնադարյան բոլոր համակարգությունքը հիմնված են այս նոտր գրերով տպած վարդապետության վրա։

Մենք փորձերով, և շատ տարբեր տեղերում, ստուգած ենք, որ մեր հասարակ ժողովուրդը շատ անգամ ավելի ազատ է միջնադարյան լուծից, քան թե մեր պատվելի գրագետքը։ Միջին դարերից հետո մինչև այսօր մի քանի նոր դարեր էլ անցան, եթե դարերը զուր չեն անցնում, ապա ուրեմն այս նոր դարերը բնականաբար, քիչ շատ թուլացուցին միջին դարերի մեր ժողովրդի վրա արած ազդեցությունը, այո՜, շատ բան էլ իսպառ մոռացուցին։ Բայց մեր պարոնները անդադար այդ միջին դարերի կպրե կարասում լողալով ազգության և լուսավորության անունով, աշխատում են նորոգել և հաստատել ազգի վրա այդ