Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեծ ճարտարապետը, որ քե՜զ ստեղծել է առանց քո օգնութ յան կամ խորհրդին կարոտելու, մի՞թե կարոտ է այսօր քո սուտին։ <<Զի՜նչ հաղորդութիւն լուսոյ ընդ խաւարի>>․․․ <<Սուտն ի հօրէն սատանայիէ է>>․․․<<Հանէ՛ք զդա ի խաւարն արտաքին>>։ Թե ո՛ւր է հասած այժմ բնական գիտությունը և ի՜նչ անհասկանալի քրմական գաղտնիքներ քակում է նա, ի՜նչ համարձակ քայլափոխեր է անում, այդ մասին հարյուրավոր են ապացույցքը։ Նույնիսկ մեր հիշած Ցիմմերմանի ֆիզիկան,—ուր էլեկտրական մասին մեջ, առաջ բերելով Բեն Դավիթի, Միխայելիսի և Լիհտենբերգի ուսումնական քննությունքը (այս բաները հիշված են մասնավորապես և Արագոյի Կայծակի մասին աշխատության մեջ) զարմանալի պարզությամբ բացում է տապանակի և վկայության խորանի գաղտնիքը,—թեթև ապացուց չէ։ Հոգով չափ ցանկալի էր, որ մեր բնագետ եղբայրակիցքը աշխատություն հանձն առնուին այդ ֆիզիկան թարգմանելու։ Այդ գործը գրված է հասարակ ժողովրդի համար և կարող ենք հաստատապես վկայել,որ ամեն կարգի (անշուշտ, ուշադրությամբ կարդացող) ժողովրդին հասկանալի կլինի, եթե արժանապես թարգմանվի։ Բնական գիտությանց բոլոր ճյուղերը կապված են ֆիզիկայի հետ․ այնպես, որ դժա՛ր է ձեռք զարկել բնագիտության մյուս ճյուղերը մշակելու կամ թարգմանելու մեր ազգի համար, մինչև որ չենթադրվի թե ֆիզիկան ծանոթ է նորան փոքր ի շատե։

Բայց, ինչպես մի անգամ արդեն ասացինք, այսպիսի գրքերը պիտի թարգմանվին լավ բնագետների ձեռքով․պատճառ, լոկ թարգմանությունը շատ անգամ թերի է լինում, թեև թարգմանիչը քաջ գիտեր լեզուն։ Գիտությունը երբեք չէ կանգնում մի կետի վրա, այլ միշտ առաջ է գնում․ ամեն օր լինում են նորանոր հայտնագործությունք և նորանոր պարզաբանությունք գիտության մութը և շատ անգամ անհասկանալի տեղերի։ Թարգմանիչը, մի այդպիսի գիրք թարգմանելու ժամանակ, պարտակա՛ն է նորա բոլոր դրությունքը համեմատել գիտության այն վիճակի հետ, ինչ վիճակում որ գտնվում է սա նորա թարգմանության միջոցին։ Մեր հիշած ֆիզիկայի բնագիրը կարո՛տ է փոփոխությանց, ավելվածքների և ծանոթաբանությանց։ Նորա ռուս թարգմանիչը բավական մշակել է այդ գիրքը, բայց է՛լ մի քանի տեղ կան, որ պետք ունեին ավելի պարզաբանության և ծանոթաբանության։ Լոկ խոսքով հանդես եկած չհամարվելու համար, մենք հրավիրում ենք մեր բնագետ եղբայրակիցների ուշադրությունը մեսմերականության վրա, որ գերմանացի նատուր-ֆիլոսոֆների (բնափիլիսոփա) մեջ, մինչև այսօր էլ