Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեղիք ունի և որ գիտությունը բնա՛վ չէ կարող ընդունել։ Որպես թե արբեցությունից պատճառված «ինքնակիզության» խնդրի մեջ, Մունքեի և Քոփփր սքանչելի կարծիքները ճշմարտանման կերպով առաջ են բերված, բավական քիմիական մանրամասնությամբ, մինչդեռ նոցա ընդդեմ մերժողությունքը առանց բացատրության, լոկ Լավուազիե, Դեվի և Լիբիղ հեղինակների անուններով, առանց ասում ենք, գոնե՛ մասնավորապես հիշելու թե ի՛նչ ճանապարհով հասել էին այս հեղինակները իրենց մերժողական դրության։ Այնտեղ հիշվում է Լիբիղի 1844-ի կատարած քննողությունը միայն անունով, մինչդեռ Լիբիղը իր նամակների չորրորդ տպագրության մեջ, ոչ միայն մանրամասն և հիմնավոր կերպով խոսում է ընդդեմ սքանչելի ինքնակիզության, 1850 թ. հետո կատարած քննողությամբ, այլև ավելվածի մեջ հանդես է հանել մի քանի հարցասիրության արժանի թղթակցությունք: Ցիմմերմանը, այո՛, չէ ընդունում մեսմերականությունը, կամ «ինքնակիզությունը» և չէ բնավ պաշտպանում, բայց նոցա ընդդեմ կային բաներ, որ ուսումնական գերմանացին զանց է արել մեջ բերել և մի քանի բանի էլ զուր հանդես տվել:

Ահա այս տեսակ բաներ ամեն գիտությանց վերաբերյալ առաջնորդական գրքերի մեջ կարող են պատահել, որպես և մեր հիշած գրքի մեջ էլ կան, որոնց հեղինակքը, եթե այսօր գրելու լինեին այդ բաները, անշուշտ, այնպես գրելու չէին. այս պատճառով, այդպիսի գրքերի թարգմանիչը պիտի լավ գիտենա իր առարկան և գիտության ներկա վիճակը, որպեսզի հնացած և արդեն մերժված մի դրություն չդնե ուսանել կամեցողի առջևը որպես գիտության ներկա խոսքը։

Մեզ թվում է, թե մեծ ծառայություն ցույց տված կլիներ ազգին, եթե պ.Խատիսյանցը, Թիֆլիսի մագնիսյան դիտանոցի արգո կառավարիչր, աշխատություն հանձն առնուր մեր հիշած ֆիզիկան հայերեն մշակելու։ Անշուշտ, եթե միայն դպրոցներում, համակարգաբար դաս տալու կամ ուսանելու համար լիներ, այդ մշակությունը, այն ժամանակ, Լագեն և Ժամեն ֆրանսիացի բնագետների հոյակապ ֆիզիկաները իրենց կքաշեին մեր ուշադրությունը: Բայց մեր խոսքը հասարակ ժողովրդի օգտին վրա է, թեև, այո՛, Ցիմմերմանի ֆիզիկան ո՛չ բնավ անօգուտ է և ուսանողներին։

Հակամետ եմ կարծել, որ մեր գրագետքը կարդալով, իմ մինչև այստեղ առաջ տարած խոսքերը, կասեն թե «այդ բոլորը մեզ մի անծանոթ կամ նոր բաներ չեն, մենք այդ ամենը գիտենք»։ Ես լավ գիտեմ, որ այն դուռը, որտեղից ես եմ մտնում, բաց է ամեն մարդու համար, և վկայում եմ, որ ինձանից լավ իմացողներ էլ կան, բայց այդ ավելի վատ է նոցա