Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այո՛, շատ անգամ և իսպառ չքացնում է այս կամ այն ավանդությունը, այս կամ այն ծեսը և սովորությունը։ Շատ անգամ թերևս այդ բոլորը մնալով գործադրության մեջ, այնուամենայնիվ տալիս են դարերի ազդեցության իրենց հարկը. նոքա զրկվում են իրենց ներքին խորհրդից և դառնում են մի պիտակ բան, ինչպես այսօր դարձել են այն բոլոր արարողությունքը, որոնց մասին եղավ մեր խոսքը. պատճառ, կյանքի և ընկերական պայմանքը փոխված են։

Մենք չենք ուզում մեղադրել կատաղած շան ավանդության մասին հեղինակի հաստատողական ծանոթաբանությունքը։ Չենք մեղադրում այն պատճառով, որ նա հավատացած գրում է այդ բանը, ինչպես բովանդակ գավառը հավատում է։ Բայց մեր արդարացի մեղադրությունը թո՛ղ հասնի մեր բժիշկ եղբայրակիցներին, որ տասներով գտնվում են այսօր Արարատյան աշխարհում և որոնք ամեն օր լսելով այս սքանչելի բժշկության մասին մինչև այժմ չեն ձգել նորան ուսումնական քննության տակ, ստուգելու համար նախ, թե Փարպի գնացող ուխտավորքը իրավ, կատաղա՞ծ շան խածած էին և ջրվախություն ունեի՞ն (Hyd-rofobia), թե՞ առողջ շան խածած, կամ Սոսի նման ջրվախ էին, որ իր Փարպի գնալը Գարեգնի առջև արդարացնելու համար սուտ ու մուտ բաներ էր հնարում. երկրորդ, եթե, ստուգապես, կատաղած շան խածած էին և ջրվախություն ունենալով արդարև Փարպի գնալով բժշկվում էին, ապա ուրեմն նոցա բժշկության բնական պատճառը, որ անհնար է, թե չլինի, եթե ջրվախը բժշկվում է[1]։ Ինչ որ մեզ է վերաբերվում, մենք խոստովանում ենք, որ թեև շատ ենք լսած այդ սքանչելի բժշկության պատմությունը, այնուամենայնիվ սաստիկ երկբայություն ունինք հիվանդ ուխտավորների ջրվախության մասին և կարծում ենք, թե դոքա Սոսի նման ջրվախներ են։

Իտալիո մեջ ավանդություն կար, որ թե մորմը (սարդաձև կենդանի-Tarantula licosa—тарантул, мизгир) մի մարդ կամ մանավանդ մի աղջիկ խայթե, դորա միակ ճարը պար գալն է. և պար գալ բազմությամբ, խմբովին, ոչ այնպես համրաշարժ, ինչպես մեր «կուռ բռնուկը»

  1. Ինձ կարող են ասել, թե որովհետև գիտությունը չէ կարող թույլ տալ այդպիսի սքանչելի բժշկություն, ուստի և նոքա առանց վերստին քննելու մերժելով չեն ընդունում: Բոլորովին Համաձայն եմ. ուրեմն. թո՛ղ փարատեն մառախուղը, թո՛ղ հրապարակով հասկացնեն ժողովրդին ճշմարտությունը: Բայց ապացուցանելու համար ժողովրդին գիտության ճշմարտությունը հարկավոր են իրողությունը և ոչ լոկ խոսք իսկ իրողությունքը պիտի նկատվին, ուրեմն և բուն տեղում և ոչ հեռվից. լոկ քարոզով ոչինչ չես շինիլ: