Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բաներից, վերջին անգամ ասում ենք, թե այսպիսի բաները ներգործում են խեղճ և պարզամիտ ժողովրդի վրա այնպես, ինչպես հաշիշը կազմվածքի վրա, ուստի պարտական ենք ամենայն խնամով արմատախիլ անել այդպիսիքը և մաքրել հայկական անդաստանը: Ահա մեր վերջին խոսքը:

Պերճ Պռոշյանցը, փոխաբերաբար առնված ոճերի և ձևերի բուն նշանակությունը չէ բացատրում, թողնելով «հետախույզ բանագիտաց» ինչպես ասում է հառաջաբանի վերջին տողերում: Այս շատ անգործադրելի գաղափար է: Մարդը մեղավո՞ր եղավ, որ հետախույզ բանասեր դարձավ, որ նստի ծանր ու բարակ ոճերի բառարան շինե: Ասենք, թե գլուխը քարը տվեց ու շինեց, հետո այդ բառարանը պիտի տպե, հըրապարակե, որ Սոս և Վարդիթերի «հետախույզ բանասեր» չեղող կարդացոխքը,— պարզ մահկանացուքը հասկանան այն փոխաբերական ձեվերը և ոճերը, որ առաջ չէին հասկացել և որոնք, այո՛ շատ տեղ աղ ու համ էին տալիս գործին: Մի՞թե ավելի լավ և ավելի հարմար չէր, որ հեղինակը ինքը բացատրեր, քան թե թողում է «հետախույզ բանագիտաց»:

Եթե ստույգը ասենք, մեր քննության այն մասը, որ նվիրված էր թերություններին Սոս և Վարդիթեր գործի, որպես վիպասանության, պրծավ:

Մենք չենք ուզում քննության տակ ձգել հեղինակի լեզուն և նորա շատ ձախ հառաջաբանությունը, վերջինս, եթե չլիներ, առավել գոհ պիտի լինեինք:

Հեղինակի լեզու ասելով չենք իմանում Աշտարակի բարբառը, որով սրված է գործի բնագիրը, ուր կամ խիստ քիչ խառնվել է հեղինակը Աշտարակի բար բառի մեջ օտար ձև, օտար ոճ, կամ, բնավ ոչ, այլ նորա Հառաջաբանի լեզուն: Եվ հեղինակը, ուզելով իր գործը այդ բարբառով գրել, որ կարդացողը ոչ միայն Աշտարակի վարքի բարքի այլ նորա լեզվի վրա էլ տեղեկություն ստանա, ոչ միայն մեղադրելի չէ, ոչ միայն աղատ է այդ լեզվի մասին պատասխանատվությունից, այլև մեծ շնորհակալության արժանի: Մենք կարող ենք որևիցե գավառական բարբառ քննել, սորվիլ, տեսնել նորա արժանավորությունքը և թերուլթյունքը բայց, այսչափ միայն: Ինչպես մի հեղինակի՝ կարող ենք ասել «թե ինչի՞ այս ձևը այսպես ես գործ դնում կամ այնպես», այդպես չենք կարող խոսել հազարների և բյուրերի հետ: Հեղինակը շատ անգամ ազա՛տ է այս ու այն ձևը գործ դնել կամ չդնել, բայց մի գավառի բնակիչ (մեր խոսքը բուն հասարակ ժողովրդի վրա է) չունի այդ ազատությունը: Նա այնպես միայն կարող է խոսել, ինչպես խոսում է ամբողջ