որպեսզի յուրյանց ընթացքը հարմարեցնեն այս գաղափարին:
Երրորդ, սաստիկ պատվեր տալ բոլոր եկեղեցականներին, առանց աստիճանի և պաշտոնի խտրության, չհամարձակվիլ ձեռք վերցնել կամ գավազան բարձրացնել հայոց ազգի զավակները գանակոծելու և գիշատելու համար (տե՜ս Մեղու թ. 127) այդ հոգևորականություն չէ այլ անարգ դահճություն[1]:
Այս առաջարկությունը առնելուց հետո, կսպասենք Կրոնական ժողովի շրջաբերական հրամանին, հատկապես այս բովանդակությամբ, որ եկեղեցականք չհամարձակվին որևիցե դիպվածում, մարմնավոր պատիժ գործ դնել ազգի անդամների վերա։
Եթե այս շրջաբերականը դուրս չգա, այն ժամանակ (այժմեն հայտնում ենք հրապարակով), որ մեք կհանենք մի շրջաբերական, բայց բոլորովին հակառակ բովանդակությամբ։ Նորանից ծագելու հետևանքը, հանցանքը և մեղքը, այս օրից, դնելով Կրոնական ժողովի զանցառության վերա:
Այս խոսքերը ասում ենք ամենայն լրջությամբ և ծանրությամբ։ Կրոնական ժողովը լոկ սպառնալիք չհամարե կամ րոպեական վաղանցուկ կրքի ծնունդ, ո՜չ, ո՜չ: Այժմ և մինչև մեր գերեզմանի ափը վրեժխնդիր և նախանձավոր ենք հասարակ ժողովրդի իրավունքը պաշտպանելու և այս խորհրդով ամենայն բանի ընդունակ։
24
- ↑ Մեք այդ ժպիրհ ընթացքը հոգևորների նկատեցինք նաև էջմիածնի մեջ (1860, հոկտեմբեր): Մի առավոտ, սենեկիս առաջևը բարձրացած սաստիկ աղմուկից և աղաղակից ստիպված դուրս եկա պատճառը իմանալու համար։ Ցավելով տեսա, որ երկու ծախսարար աբեղայք ծեծել են տալիս մի քանի հայ մշակներ, այն պատճառով, որ այդ մարդիկը առանց կերակրի մնալու պայմանով չկամեին աշխատիլ։ Խե՛ղճ և անպաշտպան հայերի մեջքին բավական փայտ իջուցանելուց հետո, երևի թե այս հայկական ինկվիզիտորների կիրքը չէր նստել, որովհետև նոցանից մինը Կարապետ անուն, անպատկառապես և միանգամայն կատաղած ինքը սկսեց աքացի և բռնցի ջարդել, արդեն գիշատվածներից, մի խեղճ պատանի: Քիթը բերանը արյունաթաթավ, մազապուր փախավ դահճի ձեռքից ողորմելի պատանին և վազելով սյունհոդոսի անդամ, սրբազան Եղիազար եպիսկոպոսի մոտ բողոքեց եղած անիրավութենից: Եպիսկոպոսը, անձամբ անձին տեսանելով ողորմելու վիրավոր կերպարանքը, յուր հետ առավ այս արյունով մկրտվածը (որին, Կարապետը եղել էր և մկրտիչ) և գնաց վեհափառ կաթողիկոսի առաջև վկայելու այս անօրենությանը: Ձախողակի,նորին վեհափառությունը հիվանդ լինելով, հետևաբար չկարողանալով մարդ ընդունել, եպիսկոպոսը հարկադրվեցավ որպես սյունհոդոսի անդամ, պաշտոնական թղթով պրոկուրորին բողոքել և խնդրել արժանի տնօրենություն, որ վանականք չհամարձակվին դիմել դեպի այսպիսի հնարներ: Թե ինչ հետևանք ունեցավ այդ բողոքը, դեռևս չունինք տեղեկություն: