Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չենք կարող։ Այո, մի հեղինակ իր սենեկի մեջ նստած, կամերածի պես կարող է գրել և խոսել, ինձ ձև ուղե գործ դնել, բայց բոլոր ազգը չուն այդ ազատությունը. նա չէ կարող ներկան ուրանալով անցածի անունով ապրիլ։ Այն ուղղությունը, որ առանց մի էական խորհրդի բռնաբարում է ներկայի իրավունքը կամ գեթ աշխատում է բռնաբարել, մենք հրատարակում ենք մաքուր և զուտ ֆանատիկոսություն։ Նոր լեզվի մեջ գրեթե բոլոր հին լեզվի նախադրությունքը դարձել են վերջադրությունք, ածականը անհոլով և թվով անհամաձայն, միշտ նախադաս գոյականից, հատկացուցիչը միշտ նախադաս և այլն և այլն, որ նույնն է և տաճկերենի մեջ. և որովհետև այդպես է, ուրեմն և պետք է հին ձևի տակ շարել և կապակցել, թեև նոր հոլովներով, այժմյան հայի խոսքը։ Բայց ժողովուրդի ականջին ծանր է և անբնական. — ինձ ի՛նչ փույթ, — ես բուն հայերեն եմ խոսում. ժողովուրդը խանգարել է իր բաղդասությունը, նորա լեզուն ստրկացել է թուրքի բաղդասության... միայն լեզուն չէ՛, ինքը, ազգն էլ ստրկացել է թուրքին. և լեզվից առա՛ջ է ստրկացել։ Բայց ի՛նչ խոսիս։

Մարդ խոցելու կամ վիրավորելու համար չէ մեր այս խոսք ու զրույցը, այս մեր հայացքն է, մեր կարծիքը։ Եվ ինչպես մենք ազատ ենք այսպես կարծել, նույնպես ուրիշը ազատ է այլապես կարծել։ Եվ թե կարող է գտնել մի ճանապարհ, որ և բուն հայկաբանությամբ խոսեր և ազգի մեծագույն մասին հասկանալի, խոսք ենք տալիս, որ մենք առաջինը վազենք նորա դրոշի տակ։

Բայց ցավելին այս է և մանավանդ ցավելի, որ անմերժելի ճշմարտություն է, թե մենք իջնելով հասարակ ժողովրդի կյանքի մեջ պիտի ստիպվինք բուն թուրքի բառեր էլ ներս առնուլ, ամենօրվա կյանքի, պետքերի և հասկացողությանց որպես հայտարար, ինչպես գիտական առարկաներում ստիպված ենք եվրոպական բառեր առնուլ։ Մենք մի օր ցույց կտանք այնպիսի թուրքի բառեր, որ ընդհանուր ազգին դարձել են միօրինակ գործածական և որոնց գաղափարը մեկ բառով տվող խոսքեր ոչ միայն նոր լեզվի մեջ, ոչ միայն մի որևիցե գավառական բարբառում, այլ նույնիսկ հին լեզվում էլ չկան։ Բացի սոցանից կան թուրքի բառեր, ընդհանուր ազգին գործածական դարձած, որոնց հայերենը թեև կան հին լեզվի մեջ, բայց և այնպես այնքան խոր ներս են մտած նոքա ազգի մեջ, որ հայ դպրությունը եթե 200 տարի էլ ներգործե օրինավոր կերպով, այնուամենայնիվ չպիտի կարողանա այդ բառերը առնուլ ժողովրդի շրթունքից ու նոցա տեղը դնել թեև սեփական, բայց ազգի համար մեռաձ բառեր։