Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ասելով չենք, իմանում Աշտարակի բարբառը*, որով դրված է գործի բնագիրը, ուր կամ խիստ քիչ խառնել է հեղինակը Աշտարակի բարբառի մեջ օտար ձև, օտար ոճ, կամ, կարելի է ասել, ամենևին ոչինչ։ Եվ հեղինակը, ուզելով իր գործը այդ բարբառով գրել, որ կարդացողը ոչ միայն Աշտարակի վարքի, բարքի, այլ նորա լեզվի վրա էլ տեղեկություն ստանա, ոչ միայն ազատ է այդ լեզվի մասին պատասխանատվությունից, այլև մեծ շնորհակալության արժանի։ Մենք կարող ենք որևիցե գավառական բարբառ քննել, սորվել, տեսնել նորա արժանավորությունքը և թերությունքը. բայց այսչափ միայն և ոչ ավելի։ Ինչպես մի հեղինակի կարող ենք ասել, թե «ինչի՞ այս ձևը այսպես ես գործ դնում կամ այնպես», այդպես չենք կարող խոսել հազարների և բյուրերի հե: Հեղինակը ազատ է այս ու այն ձևը գործ դնել կամ չդնել, բայց մի գավառի բնակիչ (մեր խոսքը բուն հասարակ ժողովրդի վրա է), չունի այդ ազատությունը, նա այնպես միայն կարող է խոսել, ինչպես խոսում է ամբողջ ընկերությունը, որին անդամ է և ինքն խոսողը։ Իսկ այդ ընկերության բարբառը կերպարանագործվել է աշխարհագրական և բնության ազդեցության տակ, պատմական դեպքերը չեն անցել նորա վրայից առանց իրենց հետքը խոր դրոշմելու. և բարբառները նոցա խոսողի անցուցած կյանքի արդյունքն են։ Հայտնի է թե ոչ մեկ մարդ պատասխանատու չէ, թե մի որոշյալ տեղում այնպես է ազդել բնությունը և ոչ այսպես, թե ինչի պատահել են այս կամ այն պատմական դեպքերը և ինչի համար այնպիսի ընթացք և ուղղություն է ստացել հասարակաց կյանքը, որի արդյունքը բնականաբար եղել է այս կամ այն բարբառը։ Եվ որովհետև բնության և պատմության ազդեցությանց մասին պատասխանատու չէ մարդը, ուրեմն պատասխանատու չէ և ոչ իսկ պախարկելի

  • Այդ բարբառի քննությունը տեղիս վերաբերություն չունի, բայց և այնպես այսքան պետք է ծանոթացնել, որ նա իր մի քանի՛ վերջավորությամբ և ձեերով տարբերվում է երևանի բարբառից։ Զարմանալի մի բան է. Քանաքեո, Երևան, Վաղարշապատ և Աշտարակ, իրարուց երեք չորս մամ հեռավորություն ունին, բայց այդ տեղերում խոսված լեզվին ուշադրությամբ ականջ դնողը կարող է տարբերություն գտնել։ Պ. Աբովյանի Վերք Հայաստանին և Պ. Պռոշյանցի Սոս և Վարդիթերը այս տարբերության ծայրումն են. Բանաքեո և Աշտարակ, ուստի և տարբերությունը ավելի շոշափելի է: Բայց աստիճան աստիճան երթալով, տարբերությունը թուլանում է։ Քանաքեոի և Երևանի մեջ քիչ տարբերություն կա, որպես նաև Երևանի և Վաղարշապատի մեջ, ինչպես այս վերջինի և Աշտարակի մեջ. բայց եթե այս շղթայի մեկ կամ երկու օղը հանում ես, այն ժամանակ տարբերությունը ավելի որոշ է լինում, ինչպես Վերք Հայաստանի և Սոս և Վարդիթեր միպասանության ձևի և ոճի մեջ։ Մենք այս խոսքերը ասում ենք ոչ միայն հիմնվելով այդ երկու գործի վրա, այլ և ականջ դնելով այդ բարբառներին։