Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և նոր լեզվի բոլոր բայերի ծնող կամ կազմող, ուրեմն անհնար է, որ յուրաքանչյուր բայի յուրաքանչյուր ժամանակը, դեմքը և թիվը դրվեն առանց էական բայի։ Բայց մենք տեսնում ենք, որ ինչպես մեր լեզվի, նույնպես և օտար լեզուների մեջ մի բայ իր մի որոշյալ եղանակում, ժամանակում, դեմքում, թվում, պահում է իր կազմվածքը անխախտելի, անթերի և անփոփոխ, այնպես չէ մեր նոր լեզվի բայերի կազմությունը: Նախ, հերիք է, շատ անգամ, եթե եղանակ, ժամանակ, դեմք և թիվ ցույց տվող վերջավորությունը մեկ անգամ երևի, նորան հետևող բայերը կարելի է դնել առանց այդ վերջավորության. այսպիսի դիպվածում էլ այս հետևյալ բայերը ցույց են տալիս գործողություն, բայց եղանակ. ժամանակ, դեմք և թիվ նախընթաց բայի վերջավորության ուժով. ինչպես «գնում է կարդում, հետո բերում վառում»։ Եթե եմ, ես, է-ն էական բայ է և նոր լեզվի բայերի կազմող, ուրեմն առանց նորան, բայը չպիտի բայ լինի, բայց մենք վերի օրինակից տեսնում ենք, որ կարդում, բերում, վառում բայեր են և ամբողջ բայական զորությամբ, որի դեմքը, թիվը և ժամանակը երևում է միայն նախընթաց գնում է բայում։ Երկրորդ, շատ անգամ հերիք է, եթե հարցնողը իր խոսքի բայով ցույց տա ժամանակը, դեմքը և թիվը պատասխանի մեջ կարելի է բայերը դնել առանց եմ, ես, է—ի. օրինակ «Ի՞նչ են անում ծույլերը»— «ուտում, խմում, պառկում», այսինքն, ուտումեն, խմումեն, պառկումեն։ Հայտնի է, որ թե եմ, ես, է-ն էական բայ լիներ և մյուս բայերի կազմող, ուտում, խմում, պառկում չէին կարող բայի զորություն ունենալ առանց, անպատճառ, իրենց վերջում ունենալու եմ, ես, է: Եվ այս եմ, ես, է բայական վերջավորությունք բուն էական բայի հետ չշփվելու համար չէ կարելի բաժան դրել, երբ բայը գրում ենք ամբողջապես, ինչպես «ներկումէ», որպեսզի ներկում խոսքը, էական է բային խնդիր չդառնա և գաղափարի շփոթություն չծագի։ Բայց մեզ կարող են ասել, թե ինչի՞ ուրեմն բաժանում ենք, երբ այդ վևրջավորությունքը դնում ենք նախա դաս, ինչպես «տուն եմ գնում». ի՞նչպես է որ այս դիպվածում չէ հասկացվում այս եմ-ը որպես էական բայ։ Եվ եթե նախադաս դրվելով բաժան է գրվում, ինչի՞ չէ կարող բաժան գրվել և վերջադաս լինելով: Ստույգ է, որ շատ անգամ լեզվի ոգին պահանջում է այդ վերջավորությունքը գրել նախադաս և մենք գրում ենք. բայց, այսպիսի դիպվածում եմ, ես, է-ն չեն կարող բուն էական բայ կարծվել, որովհետև էական բայի խնդիրը միշտ նախադաս է լինում բայից. չենք ասում «ձեռքերը են ներկում», եթե անորոշ է ներկը, իսկ թե որոշյալ, այն ժամանակ