Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և իցե բայ ամբողջ դրվում է, ինչպես գնումէ, կամ են գնում, հետևյալ բայերը, ինչպես, կոտրում, բերում, վառում և այլն կարող են առանց վերջավորության գրվիլ: Եվ դ), նույն այս կանոնի զորությամբ, եթե Մարկոսը իր հարցմունքի մեջ գործ է դնում բայը եղանակով, ժամանակով, դեմքով և թվով, ինչպես, «ինչ են անում», Կիրակոսը կարող է պատասխանել բուն հարցմունքին առանց բայական վերջավորության, ինչպես, «ուտում, խմում, պառկում»:

Որևիցե հեղինակ, մի բան գրելու ժամանակ, պետք է նայի, որ իր ձև ու ոճը հարթություն ունենա և մի կանոնով առաջնորդվի, իսկ առանց կանոն, առանց համակարգություն, երբեմն արևելք նայելով և երբեմն արևմուտք, լեզուն դառնում է մի մածնաբրդոշ, էլ դժվար է այնուհետև հավատալ, թե այդ լեզվով գիրք կամ օրագիր հրատարակելը կարող է ժողովրդի խոսած լեզուն մաքրել, մշակել, կամ նորա վրա ազդեցություն ունենալ։ Եվ ինչպես կարնա ժողովուրդը իր կարդացած գրքից մի ձև առնուլ մի որոշյալ բառի վերաբերությամբ, երբ այդ բառը տարբեր ձևերով է գործ ածվում այնտեղ, ո՞րը նոցանից ընդունե որպես հետևելի օրինակ։

Նոր լեզվի մեջ, թեև կան վեց հոլովմունք[1], բայց նոցանից առաջինը իր տակ քաշել է բառերի ամենամեծ մասը, այնպես, որ մնացած հինգ հոլովմունքը միասին առնելով, առաջին հոլովման տակ գնացող բառերի և մի քառորդը չունին. բացի սորանից այս հինգ հոլովմունքը իրենց սեփական հատկությունը միայն եղանակում ունին, իսկ հոգնականի մեջ բոլորն էլ գնում են առաջին հոլովման տակ, եթե միայն դուրս հանենք մի քանի բառ, որ երբեմն գործ են դրվում հին ձևով, ինչպես դպրությունք— դպրությանց և այլն, կամ Հայաստանյայք — Հայատանյայց: Բայց որպես այս խոտորմունքը, նույնպես և ուրիշ շատեր, մեզ պես, ոչ բարով, գրողների պահպանությունը կամ թույլտվությունը են, այս կամ այն պատճառով և ոչ թե ժողովրդի ոգու կամ հանճարի ստեղծած։ Մեր առաջին հոլովումը է քաղաք, քաղաքի, քաղաքից. քաղաքներ, քաղաքների, քաղաքներից։ Երկրորդը մարդ, մարդու, մարդուց։ Մեր երկրորդ հոլովումը Տաճկաստանի հայոց առաջին հոլովումն է և մեր առաջինից ավելի բռնակալ, այնպես, որ գրեթե լեզվի բոլոր բառերը գնում են այդ հոլովումի տակ խիստ քիչ բացառությամբ:

  1. Այս բոլոր հոլովմունքը մանրամասն և իրենց խոտորմունքներով և բացառություններով ավանդելը քերականության գործն է և մեր ներկա քննության մեջ տեղ չունի, ապա թե ոչ մեր հատվածը բնավ չի վերջանալ։