Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պ. Պռոշյանցը գիտե այս, որովհետև Արարատյան աշխարհի ծնունդ է և իր գրվածքի մեջ գլխավորապես հետևում է բուն Արարատյան առաջին հոլովման, եթե այդ հոլովումի տակ է հոլովվում բառը, ինչպես ճյուղեր, ճյուղերի, ճյուղերից. բայց և այնպես երբեմն խոտորվում է և անխտիր գործ է դնում ճյուղեր, ճյուղերու։ Խոսքը այն չէ, թե առաջինն է գեղեցիկը, թե երկրորդը, այլ այն թե, ո՞րը սոցանից հանրական է Արարատյան լեզվին և թե կարդացողը ո՞րը պիտի ընդունի.— ճյուղեր, ճյուղերի՞, թե՞ ճյուղերու։ Ոչ լոկ այս բառի վրա է մեր խոսքը, և ոչ իսկ պ. Պռոշյանցի գրվածքի վրա. այսպիսիք հազարներով կան մեր ամենիս գրվածքի մեջ. բայց, այս է մեր ասածը, թե խնամով և ուշադրությամբ վարվելով նոր լեզվի հետ հարկավոր է այս ցիր ու ցան ճապաղ ընկած ձևերը կարելի սկզբունքների վրա ամրացնել, որպեսզի նոցա միջնորդությամբ կարելի լինի մի համակարգություն, մի ուղղախոսության արվեստ կազմել և նոր լեզվի ուսումնասիրությունը հեշտացնել։ Բացի սորանից , հին լեզվի հոգնակի սեռականները շատ խնամով (որովհետև օտար է ժողովրդին), պիտի թույլ տալ երբեմն, եթե նոր հոգնականը բազմավանկ է, մանավանդ եթե երկու կամ երեք այդպիսի սեռականք (վերջահոլովն տրականն էլ պակաս չէ) իրար քամակից են գալիս։ Իսկ միավանկ կամ քիչ վանկով բառերում իսպառ պետք է հեռանալ հին սեռականներից, որովհետև ժողովուրդը ունի իր բուն ձևը։ Շատ ուրիշների հետ, պ. Պռոշյանցը անխտիր գործ է ածում երգոց, զորաց և այլն, երգերի, զորքերի ասելու տեղ։

Ըստ նախադրությունը, որ հին լեզվում սովորաբար վերջահոլով տրական խնդիր է առնում, նոր լեզվում բոլորովին անգործածական է։ Ժողովուրդը, շատ անգամ «ըստ քաջության» կամ «ըստ քաղցրության» ասելու տեղ, ասում է կամ լոկ «քաջությունով», «քաղցրությունով» կամ «իր քաղցրությունով», «իր քաջությունով» և այլն. իսկ թե գործիականի մտքով չէ կարելի հասկանալ ըստ իր խնդրով, օրինակ «վկայքն պսակին ըստ ճգնութեանցն», այն ժամանակ ըստ-ի խնդիր դարձած բառը առնում է սեռական հոլովով և նորա մոտ գնում է կամ չափ խոսքը գործիական— չափով կամ համեմատ խոսքը և կամ մի ուրիշ խոսք, որ ավելի հարմարություն ունի բանին. ինչպես «վկաները պսակվում են իրենց ճգնության չափով» և այլն։ Մեկ խոսքով ըստ-ը վերջահոլով տրականի խնդրով կենդանի լեզվի մեջ չէ գործածվում։ Համաձայն ենք, որ գիտնական առարկաների մեջ, ուզենք չուզենք, պիտի ստիպվինք ըստ-ը ներս առնուլ. բայց և այնտեղ պարտք կա մեր վրա խնամով գործ դնել, և աշխատել, որ բուն իր խնդրի մոտ մի հին հոգնակի սեռական