օտարը։ Հեղինակը բնավ հնար չունի այս ցավին ճար անելու. բայց ժողովուրդը այդ առանձին-առանձին առնված բառերը կարող է կամաց-կամաց սորվել և հասկանալ, մանավանդ եթե մի փոքր ուշադրությամբ կարդա, կամ թե մի մարդու հարցն, կամ բառարանին ակը տա։ Հեղինակի պարտականությունն է ժողովրդի լեզվի բաղդասության հավատարիմ մնալ, և հին կամ օտար լեզուներից առնված բառերը ժողովրդին հայտնի օրենքով կապակցել. ժողովրդի պարտականությունն է հեղինակի գրածը ուշադրությամբ կարդալ և չհասկացած բառի նշանակությունը սորվել կամ մի գիտեցողի, կամ բառարանի միջնորդությամբ։ Գո՛նե այսպես է մեր հայացքը և այն է պատճառը որ տեղն եկած ժամանակ, երբ ուրիշ հնար չկա, չենք փախչում հին լեզվի կամ օտար լեզուների բառերից։
Գավառական բառերը, եթե բուն հայերեն են և այդ բառի գաղափարը հասկացնելու համար մեր նոր դրական լեզուն բառ չունի կամ երկու երեք բառ է գործ դնում այն գավառական մեկ բառի տեղ, այն ժամանակ նախընտիր է այդ գավառական բառը, որ գործ ածվելով կը դառնա հանրական։ Գրության շնորհքն է, որ այսօր ռուսիացի և տաճկաստանցի հայերը միմյանց գրած ավելի շատ են հասկանում, քան թե տասը տարի առաջ. հարկ չկա ասել, որ քսան տարի ետքը ավելի լավ պիտի հասկանան իրար խոսածը։
Կան գավառական բառեր, որ գրեթե նույնանշան են, բայց և այնպես բարակ քննությունը բացում է նոցա տարբերությունը. այդ բառերը պիտի գործ ածել իրենց բուն, ճիշտ նշանակությամբ և դորա նման մի բառ ունենք ասելով այն բառը շռայլություն չհամարել։ Մարդկային միտքը շատ նազիկ գույներ ունի և որքան շատ հայելի ունենանք յուրաքանչյուր այդ գույները մեզ ցոլացնող, այնքան պարզ կտեսնվի մտքի ամբողջ նկարը, բայց եթե կոպտությամբ միայն գլխավոր և խոշոր գույների քամակից գնալով կես գույները կամ կես ստվերները աչքից փախցնենք, նկարի տպավորությունը կկորցնե իր ներդաշնակությունը: Մտքի գույները ցոլացնողքը բառերն են. և աշխարհիս երեսին ոչ մի լեզվում երկու բառ չկա մաթեմաթիկաբար ճիշտ մի և նույն նշանակությունը տվող, ամենքն էլ տարբերվում են իրարից թե շատ և թե քիչ։ Լեզվի հարստությունը բառերով է, նոքա են այն ամանները, որոնց միջնորդությամբ մեր միտքը հասնում է ուրիշին։ Այստեղ տղայական նեղսրտությունք կամ ցնդի հեգնությունք, արհամարհանք այս կամ այն գավառական բառի վրա, եթե ոչ կորստաբեր ազդեցություն կունենա նոր