Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


լեզվի մշակության և առաջադիմության վրա, գոնե կդանդաղեցնե նորա ընթացքը։ Կան բառեր կամ ձևեր, որ Արարատյան հայն է մշակել և կերպարանել, կան բառեր, որ վանեցին է մշակել կամ մշեցին.բայց ինչ հարկավոր է այսպիսի ուժով կենտրոնների վրա խոսել, շատ հոյակապ և հեշտ պատվաստող բառեր և ձևեր կան այս ու այն տեղ, նաև շատ փոքր հասարակությանց մեջ, պետք է այդ բոլորից էլ օգուտ քաղել խնամով և շրջանկատ ընտրությամբ։ Եթե այժմյան գրագետը մի որոշյալ գաղափարի համար բառի կամ ձևի է կարոտ, ավելի լավ չէ՞ որ մի հայ ընկերության միջից առնու իր չունեցածը, որ հայ ազգի պետքերից և հայ ազգի ոգուց առաջացած լինելով, ավելի հեշտ կարող է մարսական լինել ազգի ընդհանրության, որովհետև և այն տեղի հայերը միմյանց հետ ունին ոգու բնական ազգակցություն, քան թե նստի բառ արվեստակե, ձև շինե, կամ այս ու այն ազգից մուրա, որ իր անսովորությամբ կամ օտարությամբ գուցե բնավ չի պատվաստվի էլ ազգի լեզվի վրա։ Վերստին կրկնում ենք, մինչև բոլոր գավառական բարբառներից ճամփտներ չբացվին դեպի գրական լեզվի կենտրոնը, սա ոչ միայն չէ կարող ծաղկել և ուժ առնելով հանրական խորհուրդ ունենալ ազգի համար, այլ կամ մի գավառի կստրկանա, կամ չորցած, սատկած, ամուլ և անպտուղ կմնա. երկու դիպվածումն էլ լեզուն հանրականության խորհուրդը կորցնելով ազգին համար կլինի չեղածի պես, իսկ ինքը ազգը կենդանի-գրական լեզվի կարոտ։ Թեև այս խնդիրների ընղհանուր մշակությունը տեղիս վերաբերություն չունի, բայց և այնպես չհամբերեցինք, որ մի քանի խոսք չասենք։ Այս խնդիրը խիստ մոտ է իմ սրտիս, ուստի թող ներեն մեզ մեր ընթերցողքը մեր տկարությունը, երբ չենք կարողանում մեր խոսքի ընթացքը կտրել, երբ բանը գալիս է լեզվի մշակության։

Հին լեզվի ումն վերջացած բայանունները, որպես անկումն, հերքումն և այլն, ընկած է ժողովրդի բերնից. այդ բառերը փոխանակել է նա նոցա բայերի աներևույթ եղանակով, ինչպես ընկնել, հերքել և այլն և որ նույն բանն ասել է, մինչև որ Սալլանթյանց Միքայել եպիսկոպոսը, բացի աներևույթ եղանակը ուրանալով, ընկնելը և հերքելը անկման և հերքման հավասար գոյական անուն է, ասաց։ Հայտնի է թե Սալլանթյանցի սխալը տրամաբանության մեջ չէր, այլ սկզբունքի մեջ. քերականությունը միայն նշանակությամբ չէ որոշում մասունք բանին, որով շատ խառնափնդորությունք կլինեին, այլ և բառի կազմությամբ: Ստույգ է, աներևույթ եղանակը անունի պարագաները ունի և բայի պարագայք