Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միայն փողոցի խոսակցությանց մեջ, զարմանք չէ, եթե ժողովուրդը ավելի հասկացել է նոցա գռեհի լեզուն, որովհետև այն բոլոր բաները, որի վրա խոսել էին և խոսում էին դոքա, ծանոթ էին ժողովրդին. բայց խնդրում ենք փորձ փորձել դիտությունք ավանդել, մարդու վայելուչ կերպով խոսք բանալ և ոճով կարգով բան առաջացնել այդ իրենց սքանչելի լեզվով, կտեսնենք այն ժամանակ նոցա ուժը և կարողությունը։ Լեզու հասկանալը բառ հասկանալով միայն չէ լինում. գաղափարների նորությունը և անծանոթությունը մեծ արգելք է ժողովրդին հասկանալ մի գիտական կամ կանոնավոր կերպով դրած բան. սորա ապացույցը տեսնում ենք մենք և կարող ենք ցույց տալ մեր ընդդիմախոսներին նաև նոցա անոճ և խեղճուկ գրությանը մեջ, երբ նոքա թարգմանում էին մի որպիսի և իցե ֆրանկի կամ ռուսի աշխատություն։

Հյուսիսափայլի միակ հանցանքը, եթե հանցանք էր այդ, այն էր, որ նա կամենալով ուժ և զորություն դնել մայրենի նորախոս լեզվի մեջ, դրել էր այդ լեզուն մի ճիշտ համակարգության տակ. այլ և մանավանդ 1862 թվականում ժողովրդական լեզվի բաղդասությունը տարել դրել էր բուն հին լեզվի բաղդասության տակ։ Ահա այն միակ և, կրկին ասում ենք, միակ սխալը Հյուսիսափայլի լեզվախոսության։ Սխալ ասում ենք նորա համար, որ ներկա սերնդի իրավունքը նույնպես անբռնաբարելի է, ինչպես հին հայոց իրավունքը։ Եվ ինչ իրավունքով հին հայը խոսում էր այնպես և ոչ այլպես, նույն իրավունքով այժմյան հայը կարող է խոսել այսպես և ոչ այլպես։ Բռնադատել նոր լեզուն և մինչև այն աստիճան ստրկացնել հին լեզվի ձևերին, որ ազգը դժվարությամբ հասկանա, անխորհուրդ մաքրասիրություն է և մենք մեր կողմից չենք ընդունում այդ։ Մյուս կողմից հարգելով ժողովրդի իրավունքը, պաշտելով նոր լեզվի իրավունքը, այնուամենայնիվ հարկ կա մատենագրի վրա խնամով և կամաց կամաց ազնվացնել ամբոխի ձև ու ոճը, որչափ կարելի է միշտ զգուշանալով, որ տարապայման ազնվասիրությամբ բուն լեզուն անհասկանալի չդառնա ազգին, որովհետև այսպիսի դիպվածում բոլորովին ոչնչանում է լեզվի խորհուրդը։Հյուսիսափայլը չափից դուրս հայկաբան էր, մանավանդ 1862-ի . այդ աստիճանը տանելի չէ ժողովրդին. հազարամյա ավերանքը մեկ օրում չէ շինվում. մնա որ այդ ավերանք էլ չէ, այլ ժամանակի և պատմության ազդեցության տակ առաջ գնացած բնական աճելություն:

Եթե նոր լեզուն չունի հին լեզվի ոլորուն ոճերը, եթե չէ կարելի նորում միմյանց քամակից շարել ասիական փքուռույց հռետորությամբ նույնանշան բառեր, եթե նոր լեզուն ավելի պարզ և անզարդ է իր ձևերով