Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այդ չէ նշանակում, թե նա ավերվել է, այլ մանավանդ թե առաջ է գնացել: Բայց Հյուսիսափայլի 1862-ի նոր համակարգությունը (նոր ասում ենք տարբերելու համար 1858 —1861 թվականների հրատարակվածից ) գլխավորապես պատերազմում է նոր լեզվի այն ոճերի և ձևերի հետ, որ ընդհանրապես նայվում են որպես տաճիկ լեզվի ազդեցություն, օրինակ, շատ նախադրությանց վերջադաս դրվիլը հատկացուցչի նախադաս դրվիլը և այլն և այլ. բայց մենք կարծում ենք թե իրավունք չէ, անհնար է թերևս բռնաբարել բովանդակ ազգի տրամաբանությունը, եթե նաև չինեականի տակ լիներ աճած։ Թե տաճկի է, թե սատանայի, խնդիրը այդ չէ, այլ այն թե այսօր նաև հայի սեփականն է և հայը չնայելով շատ գավառական տարբեր բարբառներին, այնուամենայնիվ միևնույն տրամաբանության տակ է խոսում. այդ տրամաբանության ընդդեմ անկարելի է ուղղակի պատերազմ հայտնել. մեռած կենդանու մորթը ողջ կենդանու վրա չէ կպչում. չորացած ծառի ճյուղը կենդանի և թարմ ծառի վրա չէ ծաղկում, կենդանի մարդը մեռելի հետ չեն պատանքում. ամենը ունի իր իրավունքը և սուրբ է։

Որքան նեղանում ենք, որ ամեն քայլափոխ ստիպված ենք ծանոթաբանել, որպես և այստեղ, թե վերի խոսքերով չենք ուզում ասել, որ լեզուն մնա երեսի վրա կամ աճե օտար տրամաբանության տակ. չէ՛, այլ թե օրագրի և մատենագրի պարտականությունն է մշակել այդ լեզուն, հարգելով համորեն ազգի գործ դրած տրամաբանությունը լեզվի. այս պատվանդանի վրա կամաց կամաց մաքրել, մշակել և կոկել մայրենի նորախոսությունը. մեր կարծիքով ուրիշ տեսակ անհնար է։ Անհնար է, եթե, ինչպես ասացինք, տարապայման մաքրասիրությամբ ստրկացնենք նորան հին լեզվին. անհնար է թե աններելի անհոգությամբ, այո՛, շատ անգամ և տգիտաբար առանց բնավ հայ լեզուն ուսած լինելու, անկարգ, անկանոն, ինչ որ մեր բերնին գալիս է, գրենք թղթի վրա, ինչպես մեր սքանչելի ընդդիմախոսների գրությունքն են, որոնք, համարձակվում ենք կարծել, հազիվ թե իրենց բոլոր կյանքի մեջ մեկ վայրկյան մտածել էին նոր լեզվի օրենքների և պայմանների վրա, հազիվ թե կարող էին իրենք իրենց կամ ուրիշին հաշիվ ու համար տալ, թե ինչ հիմքի վրա գործ են դնում այս կամ այն ձևը կամ միևնույն գաղափարը տալու համար անխտիր զանազան ձևեր, որ ոչ մի կանոնավոր լեզու չէ կարող տանել։ Չկա մեկ տող, չկա մեկ խոսք, որ Հյուսիսափայլի գրիչքը գրած լինեին առանց չափելու և կշռելու. ուրիշ խնդիր է թե ինչպես էր այդ չափը. բայց և այնպես կարծում ենք, որ չափը, գիտակցության արդյունք լինելով, կարող է ուղղագործվել, եթե անհաջող