Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


օրենքը»։ Իսկ դա նորա հակառակն է աղաղակում. «Ո՞ւր ես գալիս, չե՛մ ուզում, համարձակություն չունի՛մ քեզ տեսնելս»։ Արդյոք, մեկ կամ երկու անգամ, տարա՞վ ինձ իր սենյակը, և խոսեցա՞վ իմ հետ, ինչպես Փրկիչը հրամայում է, ես ու ինքը առանձին, կամ մեկ և կամ երկու ընկերով, որ չհավնելով և իբրև մեղավոր և մաքսավոր համարելով ինձ հալածեր։

Հիշելով, ասում է, մի անգամ մի մարդ իմ անունը Ավագի մոտ, մի քանի պարեգոտավորների առջև, տրտում հառաչանքով ասաց, թե «իրավացի չեղավ Ղազարի մեր աշխարհից հեռանալը, պատճառ, նա եկեղեցու զարդ էր»։ Եվ լսողները ուրիշ բան չկարողանալով ասել, միայն այս պատասխանը տվին, թե «նորա հալածվելու պատճառը բնա՛վ մենք չենք, բայց ինչ որ նորա գիտության մասին եք խոսում, ստո՛ւյգ է, առաջ շատ համեղ և զորավոր կերպով էր քարոզում, իսկ այս վերջի ժամանակները իսպառ վատ էր նորա քարոզը»։ Եվ այսքանը չկարողացան հասկանալ թե իրենց դատապարտության և ամոթի համար խոսում էին այդպիսի բաներ։

Թո՛ղ ասեն ուրեմն, որի՞ համար շնորհվելով պարգևվում է վարդապետության խոսքը. ասողի՞ համար. չէ՞ որ ախորժանքով անկաջ դնողների, լսողների և նոցա խնդրվածքի համար։ Նայեցե՛ք հունաց ժողովրդի վրան, երբ իմա՛ց է տրվում, և քարոզ ասողը նշանակված տեղն է անց կենում, ամենքը իրենց սիրտը զարթեցնելով բարձրացնում են դեպի Աստված. թևերը բանալով խաչի նման են լինում, և միաձայն խնդրվածքներով և արտասվալից աղաղակով խնդրում են Փրկչից. «խո՛սք տուր, ասում են, շնորհք ուղարկե. բո՛ւն դու ի՛նքդ խոսե մեզ հետ դորա բերնով, ինչպես երբեմն խոսում էիր սուրբ Պավղոսի ձեռքով. նորա՛ն իմացուր քո հաշտ լինելը քո ծառաների հետ։ Մեր մեղքի պատճառով, ամուլ ամպերի թող չնմանի՛ դա, այլ առա՛տ անձրև թափելով թող ջրե՛ մեր հոգիների անդաստանքը, որով ծաղկելով քո կամքիդ հաճելու արժանի պտուղներ բերենք և քե՛զ մատուցաենք»։

Արդյոք ո՞ր տգետի, թո՛ղ թե փոքր ինչ ուսումնականի, միտքը չի զարթիլ, նորա մտածության գործարանը չի վառվիլ և Սուրբ Հոգու գանձերից հին և նոր դուրս չի հանիլ, մանավանդ, եթե այդ մարդը քարոզելու ելնե խոնարհությամբ և ոչ հպարտական գիտությամբ, լսողների աղոթքով և ոչ իր անձի գիտությամբ պարծենալով։ Եթե Աստուծու ընտի՛ր անոթը — Պավղոսը—Եփեսոսի մեջ հավատացյալներին գրում էր աղաչելով, թե «Աղո՛թք արեք և իմ համար, որ ինձ խո՛սք տրվի բերանս բանալու ժամանակ». արդ, եթե նա, որ Աստուծու խորհուրդների