Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեղիք է տալիս ենթադրել, գրել է մի արժանավո՛ր մարդ, որ քա՛ջ էր ճանաչում Ղազար Փարպեցու արժանավորությունը։ Անտարակո՛ւյս, նորան ենք պարտական, որ այս հրաշալի Թուղթը կարդում ենք այսօր մենք, մեր նախահարց օրերից հեռացած, նոցա սրտերից օտարացած, կորած և շվարած որդիքս։ Այդ պատվական մարդը միտք է արել, որ Փարպեցու Պատմության քամակում դնե և նորա այս Թուղթը, որ, մորմոքվելով ենք ասում, մի քանի տեղերում աղճատված է այսօր, և որ ավելի ցավելի՛ն է, երկու թերթ էլ իսպառ պակաս։

Շահխաթունյան Հովհաննես սրբազան եպիսկոպոսը, գտել է այս Թուղթը Փարպեցու Պատմության քամակում։

Հառաջաբանը տալիս է մեզ մի քանի տեղեկությունք, առանց որոնց ավելի պիտի մթներ մեր համար Թղթի բովանդակությունը։ Հառաջաբանը կարդացողքը պետք չէ՛ որ հակասություն համարեն նորա մեջ հարևանցի հիշված, բայց Թղթում իսպառ չեղած բաները։ Առհասարակ, այս հիշատակարաններից ենթադրելով միայն պիտի գուշակել այն դառը հանգամանքը, որոնց մեջ փակված էր Փարպեցին։ Նորա Թուղթը և հառաջաբանը, պարզ երևում է, որ պահել են իրենց մեջ եղած բաների հազիվ մի հարյուրերորդ մասը, և այս է պատճառը, որ տեղ տեղ անհասկանալի է մնում մեզ Թուղթը, որովհետև մենք չգիտենք այն բաները, որոնց վրա ակնարկում է Թղթի հեղինակը։ Խաղաղությո՛ւն և այդ հառաջաբանը գրողի տասնևհինգ դարվա ոսկորներին. հանգի՜ստ հավիտենական։

§ 3. «Քննեցէ՛ք զգիրս, զի դուք համարիք նոքօ՛ք ունել զկեանսն յաւիտենականս» ։ Աւետ. Յովհ. գլ. Ե, համար 39։

§ 4. Բնագրում այսպես է այդ վկայությունը. «որ հանէ զպատուականն յանարգէ, բերան իմ եղից ի», (եր. 35 ) Ս. Գրքում այսպես. «Եւ եթէ հանցես զպատուականն յանարգէ, իբրև ղբերան իմ եղիցես»։ Մարգ. Երեմ. գլ. ԺԵ, համար 19։ Մեր Աստվածաշնչի վկայությունը, որ բերինք այստեղ, բա՛ռ առ բառ ուղի՛ղ է բո՛ւն հրեական բնագրի հետ։ Թովմա Արծրունին այսպես է գործածում այս վկայությունը. «որ հանէ զպատուականն յանարժանէն իբրև զբերան իմ եղիցի» (եր. 334). որ բավական մոտ է Երեմիայի մարգարեության նախադրության խոսքերին ԺԵ. «եթէ հանցեն զպատուականն յանարժանէ՝ իբրև զբերան իմ լիցիս»։

§ 5. Բնագրի խոսքը. «Ի շնորհացն որ ելանէին ’ի բերանոյ նորա» (եր. 36) հիշեցնում է մեզ «ընդ բանս շնորհացն, որ ելանէին ’ի բերանոյ նորա». Աւետ. Ղուկ․ գլ․ Դ, համար 22։

§ 6. Պ. էմինը, որ «Ղազարի կյանքի մանրամասնությունքը» ասելով