Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նո՛ւյն սուրբ Կաթողիկե եկեղեցու մեջ հավաքեց այն սուրբ ժողովը, որի վերջին խոսքը էր անա՛թեմա Լևոնի տումարին:

Կարելի՞ բան է թույլ տալ, թե, այսօրվա Կաթողիկե էջմիածինը թողած, կարող էր այդ ժողովը գումարվիլ մի այլ եկեղեցումը Ամենին հայտնի է, թե ի՞նչ ծա՛նր և մեծակշիռ խորհուրդ ունի Վաղարշապատի վերը հիշված սուրբ ժողովը մեր ազգի կյանքի մեջ։ Այդ ժողովին էր ապաստան ս. Լուսավորչի շինած նավը, և այդ ժողովը դարձյալ հեռատես իմաստությամբ նավապետելով նորան և փրկելով Բյուզանդյան ճախիններից և Լևոնյան խարդավանակ տումարի ծանծաղներից, ուղղեց նորա ընթացքը նո՛ւյն գծի վրա, ուր կանգնեցրել էր նորան մեր բազմերախտ Հայրը, որ մնա՛ց ինչպես որ կար սկզբից, նո՛ւյն անապակ ջրերում, որոնց աղբյուրը էր ինքը մեր Փրկիչը, և որոնք սկզբնաբար խառնվելով Թադդեոս և Բարթողիմեոս առաքյալների և նոցա հարազատ հաջորդների արյունով ոռոգել էին Հայաստանի կռապաշտությամբ կոշտացած հողը։

Մենք չենք կարող թույլ տալ, որ այդ ժողովը եղած լիներ մի այլ եկեղեցում, մանավանդ, որ Բաբկեն կաթողիկոսը ինքը Դվին նստելով, ժողովը չէր կարող ուրիշ մտքով գումարել Վաղարշապատ, եթե ոչ ս. Լուսավորչու ձեռքով հիմնված Կաթողիկե եկեղեցու մեջ կատարելու համար այն մեծախորհուրդ իրողությունը, ըստ որում Վաղարշապատի ս. Կաթողիկե եկեղեցին Մայր էր ամենայն հայոց և աթոռ քահանայապետության, թեև այն միջոցին քաղաքական պատճառներից ստիպված Վաղարշապատ չէին նստում մեր կաթողիկոսքը։

Հովհաննես կաթողիկոսը այսպես է վկայում մեր խոսքին. «Մեծ հայրապետն Հայոց Բաբգէն առնէ ժողով եպիսկոպոսաց Հայոց, Վրաց և Աղվանից 'ի Նոր քաղաքի 'ի Unւրբ Կաթուղիկէի 'ի մայրն եկեղեցեաց Հայոց»: (Յովհ. կաթ. Պւաոմ. Հայ. եր. 36)։ Տեսնո՞ւմ եք Նոր քաղաքի սուրբ Կաթողիկեի անունը տալով, իսկույն հարում է 'ի մայրն եկեղեցեաց Հայոց:

Ստույգ է Փավստոս Բյուզանդացին (դպր. Գ. գլ. ԺԴ) Տարոնի սուրբ Կարապետի—Գլակա վանքի վրա խոսելով կոչում է նորան ևս «Մայր եկեղեցեացն ամենայն Հայաստանեայց». բայց այս այն պատճառով միայն, ինչպես ինքը Փավստոսն էլ հայտնում է, որ առաջին է ժամանակով բոլոր հայոց եկեղեցիներից:

Արդ, բացի այսօրվա ս. Կաթողիկե էջմիածինը, ի՞նչ ուրիշ եկեղեցի կարող էր լինել Վաղարշապատում, որի համար Հովհաննես կաթողիկոսը ասեր «Հայոց եկեղեցիների մայրը»։ «Նոյնն (Վահան) և 'ի ժամանակս իշխանութեան իւրոյ զմեծ