Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեք չենք կարող երևակայել։ Հասարակ ժողովուրդը դառնում է յուր բնակարանը և դարձյալ պիտի հարկ տա ազնվականին այն հողի համար, որ գործում է և որ ազատելու համար գնաց արյուն թափեց, խեղացավ, ջարդվեցավ, որդին, եղբայրը կամ հայրը զոհեց։ Ազնվականը հայրենիքի հողից բաժին ունի բյուրավոր մղոններ, իսկ հասարակ ժողովուրդը չունի մի ոտնաչափ տեղ։ Այս պայմանների վերա կարելի՞ է, որ երկրագործությունը դառնա անգլիական կյանքի հիմքը։

Անգլիական ազգի այդչափ սարսափելի մեծությամբ վաճառականությունքը, ձեռագործությունքը, մեքենաները, որ այսօր գրեթե դարձել են նորա բնավորության հատակությունքը, ամենևին պատահական չեն, այլ հառաջանում են նորանից, որ հասարակ ժողովուրդը հող չունի։ Որովհետև բնականը չկա, հարկը ստիպում է արհեստականով լցնել նորա պակասը։ Անգլիական ազգի այն ահավոր գաղթականությունքը, Ամերիկա, Ավստրալիա, Հնդկաստան, զանազան կղզիներ, բնականապես և գլխավորաբար, հառաջանում են դարձյալ Բրիտանիո մեջ հասարակ ժողովրդի հող չունենալուց։

Բայց այժմ, բյուրավոր գործավորների այս ներկա թշվառության մեջ, ավելի սաստկանում է գաղթելու կարոտությունը. և պիտի գաղթե նա, որ չկամի սովամահ մեռնիլ և մեռցնել յուր ընտանիքը։ Մի գործունյա մարդ, անդամ որևիցե ստրկացած ազգի, թող այսօր առաջարկե Անգլիո մեջ անգործ և հուսահատ գործավորներին և ասե, «Եղբա՛րք, ահավասիկ երկրագունդի այսինչ կետի վերա ես ունեի երբեմն հող և ազատություն, որ հետո ավազակները կողոպտեցին ինձանից, եկե՛ք գնանք այնտեղ հետևյալ պայմանով։ Ձեզանից յուրաքանչյուր գնացող պիտի զենք ունենա յուր ձեռքում և հարկ դիպվածում պատերազմ պիտի մղե, իմ հետ հավասար, երկիրը ավազակի ձեռքից ազատելու համար. այս պահանջում եմ ձեզանից։ Իսկ սորա փոխանակ, ես իմ ազգի անունով, խոստանում եմ ձեզանից յուրաքանչյուր զենքով գնացող անհատին այնչափ հող, որչափ որ ինձ կամ իմ ազգի յուրաքանչյուր անհատին պիտի բաժին ընկնի։ Խոստանում եմ ձեզ, որ դուք հավիտյանս հավիտենից կարո՛ղ եք մշակել և գործել ձեր բաժին ընկած հողը, առանց վաճառելու կամ գրավ դնելու իրավունք ունենալու. քանզի ես, և իմ ազգի յուրաքանչյուր անհատը, նույնպես չպիտի ունենա գրավ դնելու կամ վաճառելու իրավունքը»։ Մի այսպիսի գործունյա մարդ, այսպիսի առաջարկությամբ, կարող է հազարավոր կամավոր զինվորք գտնել Անգլիո մեջ, և այն ինչպե՛ս զինվորք։ Զինվորք, որ քաջ տեղյակ են երկրագործության, գյուղական տնտեսության և այլ ամենայն տեսակ ձեռագործական արվեստների,