Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցանկանում է հասկացնել, թե ինչպես իտալացիներին արդեն հաջողվում է միավորել իրենց մասնատված հայրենիքը, նույնպես և Լեհաստանը կկարողանա հաղթությամբ դուրս գալ պայքարից և միավորվել որպես ինքնուրույն պետություն։ էջ 83, պետիտ, տ. 1. «Իսկ Ավստրիան, այդ պոլիտիկական ուրվականը...» — Սույն արտահայտությունը վերցված է Գերցենի «Ռուսաստան և Լեհաստան» հոդվածից. «Ավստրիան դա ժողովուրդ չէ, Ավստրիան ոստիկանական չափանիշ է... Առանց մասերի նա գոյություն չունի, այդ մի խոշորագույն պատմական ուրվական է, որը երբևիցե եղել է...» (տե՛ս «Կոլոկոլ», 1859 թվականի հունվարի 15, № 34)։

Էջ 84, տ. 5. «То-morrow morning»— Վաղր առավոտ (անգլերեն)։

Էջ 84, տ. 10. «Անհնարին տհաճությամբ լսեցինք մենք անգլիական պառլամենտի մեջ լորդ Ջոհն Ռըսսելի խոսքերը»—Ջոն Ռասելը այդ տարիներին (1859 —1865 թվականներին) զբաղեցնում էր Անգլիայի արտաքին գործերի մինիստրի պաշտոնը և պաշտպանում էր Անգլիայի քաղաքականությունը Ամերիկայի Հյուսիսային և Հարավային նահանգների քաղաքացիական պատերազմի վերաբերյալ։

Մարքսը բազմիցս քննադատության է ենթարկել Ջոն Ռասելին (տե՛ս նրա «Լորդ Ջոն Ռասելը» հոդվածաշարը, К. Маркс и Փ. Энгельс, Соч., т. II, М., 1958, страница 401):

էջ 84, պետիտ, տ. 3. «Autriche c՛est la damnation e՛termelle»—Ավստրիան հավիտենական նզովք է (գեհենապարտություն է) (ֆրանսերեն ):

էջ 84, պետիտ, տ. 5. «...Իտալական ժողովուրդը, Վենետիկը, մինչև անգամ և Հռոմը, այն ստրկության հավիտենական օրորոցը, ճիշտ քեզ պես են մտածում...» —1859 թվականի հուլիսի 8-ի Վիլաֆրանկայի պայմանագրով Ավստրիան պահպաներ իր տիրապետությունը Վենետիկի և Վենետիկյան մարզի վրա։ Հռոմը նույնպես անջատված էր իտալական թագավորությունից և գտնվում էր պատի իշխանության տակ: 1862 թվականին, Գարիբալդիի ձեռնարկած արշավանքը դեպի Հռոմ վերջացավ պարտությամբ։

Էջ 84, պետիտ, տ. 6. «Սուրը Մածծինիի և սուրը Գարիբալիի բարեխոսությունքը անպակաս լինեն Հաբսբուրգյան տանի գլխից» — Ազգային֊հեղափոխական ուղղության գաղափարական առաջնորդը այդ տարիներին մնում էր «Երիտասարդ Իտալիա»-ի հիմնադիր Ջուզեպե Մաձձինին, որին չէին վհատեցրել ոչ պայքարի երկար տարիները, ոչ անհաջողություններն ու պարտությունները չէին սասանել նրա հավատն ու վառ հայրենասիրությունը վերջնական հաղթանակի նկատմամբ։

Ազգային- հեղափոխական ուղղության մյուս ականավոր ներկայացուցիչն էր Ջուզեպե Գարիբալդին, մեծ հայրենասերը, ռեակցիայի և բռնության դեմ պայքարող անվեհեր մարտիկը։

Էջ 84, պետիտ, տ. 8. «Արդյոք քավարանի մեջ Մետերնիխը կրկնո՞ւմ է կոմս Քավուռին յուր խոսքը: Պիոս իններորդին կմնա պատասխանել» — Ավստրիական իմպերիայի կանցլեր Մետերնիխը վախճանվել էր 1859 թվականին, իսկ Միացյալ Իտալական թագավորության առաջին պրեմիեր-մինիստր Կավուրը՝ 1861 թվականին:

Կավուրի ամբողջ գործունեությունն ուղղված էր Սավոյան դինաստիայի գլխավորությամբ Իտալիայի միավորման խնդրի իրականացմանը։ 50-ական թվականներին նա ստեղծեց Հյուսիս- իտալական թագավորությունը, իսկ 1859 — 60 թվականներին օգտագործելով երկրում սկսված հեղափոխական իրադրությունը, նա Պյեմոնտին միացրեց Պարման, Մոդենան, Տոսկանան և Ռոմանյան։ 1861 թվականի մարտին Միացյալ Իտալական թագավորության հրռչակումից հետո Կավուրը դարձավ երկրի առաջին պրեմիեր - մինիստրը: Պապ Պիոս IX-ը իր տիրակալության առաջին շրջանում, 1846 — 47 թվականներին պապական պետության մեջ հռչակել էր մի շարք լիբերալ ռեֆորմներ։ Նոր պապի այս նախաձեռնումները