Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տնտեսական խնդիրը միակ խնդիրն է մարդու կյանքը և գոյությունը ապահովելու համար. և որչափ ծանր արժեք ունի այս խնդիրը, որչափ մարդը անքակտելի կապված է նորա հետ, այնքան դժբախտ է եղել այդ խնդրի ճակատագիրը։ Նա դարձել է մի քար, որի վերա մարդը քանի՜ և քանի՜ անգամ գայթակղեցավ։

Վերջին անգամ գոռաց նա, «կեցցե՜ ազատություն, կեցցե՜ եղբայրությունս»։

— Կեցցե՜, կեցցե՜, — հնչեցին ամեն կողմից բյուրավոր արձագանք։

Պատնեշներ շինեցին, փողոցների սալահատակները կողոպտեցին, աղաղակ, խռովություն։

— Ի՜նչ բանի վերա եք։

— Չե՞ս տեսնում. ազատություն, հավասարություն, եղբայրություն, կեցցե՜։

— Կեցցե՜, կեցցե՜։

— Թո՜ղ կենան, թո՜ղ ապրին օդի մեջ, — ասաց մինը, որի աչքերը ավելի հեռատես էին։

— Ի՞նչպես, թշվառական դու... Վայրկյանի մի... Եվ շան սատակ կլինիս հարվածիս տակ, եթե կեցցեներ չգոռաս։

— Կեցցե՜, կեցցե՜։

— Այո՜, այդպես. կոպիտ... Անկիրթ... Մինչև այժմ չե՞ս հասկցել, որ աշխարհը լուսավորվել է և չէ կարող այլևս բռնության տանել...

— Մի՜ բարկանար, աղաչում եմ, մի հարցմունք...

— Այժմ կեցցեից ավելի ուրիշ բան չէ կարելի խոսել. կեցցե՜։

— Կեցցե՜— ասաց խեղճ մարդը և հեռացավ հրապարակից։

Տարին չորս եղանակ ունի, իսկ մարդկային կյանքը բյուրավոր չորսեր։ Այն օրերը լոկ կեցցեի եղանակ էր և ուրիշ բանի վերա խոսողը մահի պարտավոր։

Մի քանի օրից հետո, երբ արդեն ազատությունը,հավասարությունը և եղբայրությունը նստել էին արքայական գահի վերա, երբ բոլոր փողոցները և տուները, մինչև անգամ այս անբան գոյությունքը, կարմիր ներկերով և խոշոր տառերով, անբարբառ, գոռացել էին բյուրավոր կեցցեներ, երկու մարդ հանդիպեցան միմյանց մի անկյունում։

— Ողջույն։

— Ողջույն։

—Քանի ժամանակ է, քեզ տեսած չէի, բայց ասես թե խելք կա՞ր գլուխներս, որ միմյանց պատահեինք, քանի որ երեսի վերա մնացած ազգը փրկելու և գերութենից ազատելու հետ էինք զբաղված։ Բայց,—