Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինքնաբավական կերպով հառաջ տարավ խոսքը, — պիտի իրավունք տալ մեզ, որ կտրիճի պես գործ կատարեցինք և մեր դարավոր ցանկության, վերջապես, հասանք։

— Ի՛նչ շինեցինք։

— Ավելի ի՛նչ կամիս, և տհաճությամբ կրկնեց այն ճակատագրական երեք խոսքերը։

— Ա՞յդչափ միայն։

Խոսակիցը զարմանում էր սորա բթամտության վերա, և գրեթե ատելության աչքով նայում էր դեպ ուղիղ նորա աչքերի մեջ:

— Ինչո՞ւ այդպես շփոթում է և խռովում է քո խաղաղությունը իմ պարզ հարցմունքս և կամենում ես բռնակալ հայացքով պապանձեցնել լեզուս, մինչդեռ ասում ես, թե ձեռք բերածներիս մինը ևս ազատություն է։ Թո՛ղ, գեթ խոսքով օգուտ քաղեմ այդ արտոնութենից։

Խոսակիցը վայրկյան մի շփոթեցավ, և իրավը պետք է ասել, խղճի խայթ ևս զգաց, ազնվաբար, որ հին ժամանակների վերա գնալով և մոռնալով ազատության թագավոր նստելը, կամեցավ, մի ակնթարթ, բռնանալ խոսողի կարծիքի վերա։

— Ասա՛, եղբայր, ասա՛, ինչու չէ. ես պատրաստ եմ քեզ լսելու։

— Ուրեմն, Ազատություն, Հավասարություն և Եղբայրություն, այնպես չէ՞, բուն իսկ բարոյական և բնական սկզբունք։

— Ճիշտ այդպես, ինչպես երկու անգամ երկուքը չորս։

— Շատ բարի, բայց, ասա՛ խնդրեմ, ազա՞տ եմ ես, միմիայն օրենքով, քաղաքականապես ազատ կոչվելով, ազա՞տ եմ ես, քանի որ նյութական կարոտությունը ստիպում է ինձ, կամա ակամա, մի ուրիշին ստրկանալ, ուրիշին ծառայել և այդ ծառայությամբ հաց ճարել իմ ընտանիքի համար։ Ազա՞տ եմ ես, եթե տեր ունիմ, որին եթե իմ ազատությունը հայտնեմ բացարձակապես, պիտի գրկեմ ապրուստից և ինձ և իմ ընտանիքս, ծառա լինելուց դադարելով, և այս բոլորից հետո ազա՞տ եմ ես... երևակայությա՞ն մեջ, թե՞ օդի մեջ։

— Այդ ի՛նչ խոսք է, աշխարհը ինչպես կարող է կառավարվիլ, եթե չլինի նյութի և աշխատության փոխադարձ հատուցում։

— Բայց ես մտածում եմ, որ կարող է և մանավանդ երջանիկ, եթե աշխատությունը բռնադատական չէ, այլ կամայական, եթե նա աշխատություն է և ոչ ծառայություն, եթե մարդկային իրավունքները անխտիր հավասարաչափ են և ոչ մինինը ավելի, իսկ մյուսինը պակաս։

— Պարոն, հավասարությո՜ւն, մոռցա՞ր...

— Չեմ մոռցել, բայց չկա։