Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/512

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Էմբարսիալը» մեծապես կսխալի,—գրում է «Մեղուի» թղթակիցը,— «Ծաղիկը» հրատարակության հրամանը, սովորական կերպով կառավարութենեն են երկու տարի է, որ ընդունած է:

Ի՞նչ կրնա ըլլալ ուրեմն անոր խափանման պատճառը. իր հանցանքը, հանցանք ազատախոսության, հանցանք անկողմնապահության, հանցանք ազգասիրության: Մեղք, հազար անգամ մեղք ու ամոթ... Չորս միլիոն հոգիե բաղկացած ազգ մը չի կրնար կոր պահել երկու-երեք ազատախոս թերթեր ու Վիքթոր Լանկլուա կելլե Եվրոպայի կքարողե, որ մեծ հառաջադիմություններ կընե կոր Հայոց ազգը...

էջ 294, տ. 16. «Ազգի զավակները սրիկաների մատնված սրախոզխող են լիմում յուրյանց մահիճների մեջ»— «Մեղուի» 1863 թ. սեպտեմբերի 10-ի № 216-ում տպագրված է «Առ Իգնատիոս Արքեպիսկոպոս» առաջնորդող հոդվածում պատմվում է, թե ինչպես վեց զինված թուրք, գիշերով մտնելով Վան քաղաքի Ոսպնեպասյանց հայաբնակ թաղի Բոշայանների տունը, մորթում են իրենց անկողիններում քնած երեսնամյա Գրիգոր և քսանամյա Ավետիս եղբայրներին և թալանելով տունը հեռանում:

էջ 294, տ. 17. «Իգնատիոսը եղ ծախելու շահավետ առևտրով է պարապում»— Խոսքը վերաբերում է Իգնատիոս արքեպիսկոպոսի մեռոնի անօրինական վաճառքով զբաղվելուն: «Մեղուի» վերոհիշյալ առաջնորդող հոդվածում ասված է. «Վարդապետ, դուն մինչդեռ սրվակ մը մեռոն առած քու վիճակիդ այցելության ելեր, ծախած մեռոնիդ գնույն տասնապատիկը առնելով...»:

Նալբանդյանի երկերի նախորդ հրատարակություններում «Հյուսիսափայլում» միանգամայն որոշակի տպագրված «Եղ» բառը ուղղված է «Եզ»-ի, քանի որ դրան հաջորդող նախադասության մեջ խոսվում է գյուղացիների վերջին եզը խլելու մասին: Մինչդեռ վերը բերված պարբերությունից պարզ է դառնում, որ տեքստում խոսվում է մեռոնի, «յուղի» վաճառքի մասին: Ի դեպ, նորնախիջևանցիները յուղը արտասանում էին եղ, արզարեղ ձևով:

«Մեղուի» 1863 թ. № 225-ում նույնպես խոսվում է Վասպուրականի առաջնորդի մեռոնի անօրինական վաճառքով զբաղվելու և գյուղացիներից անասուններ հափշտակելու մասին։ «Հետևյալը «Արծվիկ Տարոնո» անուն լրագիրեն առնված է, որ Վանեն գրված նամակի մը մասն է. ...Գուցե չհրատարակես, անոր համար չեմ ուզել գրել մեր Վանու առաջնորդի անցյալ տարվան ծախել տված Ս. Մեռոնները Արճեշու և Արծկեու գավառներու մեջ: Չեմ գրեր, թե Կարմրատու Ս. Աստվածածնի վանքը դարձուցած է յուր սեփական չիֆթլիկ մը. մեկալ վանքերեն նորեն տավարներ կժողվե լեցունե հոն»։

Էջ 294, տ. 18. «...Նորա արբանյակը շինականի վերջին եզնը առաջ ձգած դեպի Իգնատիոսի ագարակն է գնում» — Նույն առաջնորդող հոդվածում ասվում է. «Խեղճ գյուղացիի կովը, եզը, էշը, ոչխարը կառնեիր և իրեն քշել տալով քու փոխանորդ Կղեմես Վարդապետին կղրկեիր, որ ան ալ ոչ նվազ անգութ քան զքեզ, թշվառ գեղացիին օրվան մը ճամփա հեռու կղրկեր բերած ընծան տանիլ քո ագարակդ հանձնելու համար, ասդին, Վանա մեջ»:

էջ 294, տ. 22. «Ազգի աղջիկները և կանայքը կտառապին և կբռնաբարվին անօրինակ և անլուր ժպրհությամբ»—Այս մասին «Մեղուի» «Առ Իգնատիոս Արքեպիսկոպոս» առաջնորդող հոդվածում բերված են հետևյալ փաստերը. «...Քանի մը սրիկաներ փողոցեն կին մը կբռնեն իր միամյա որդույն հետ, կբերեն հայու մը տուն պահ կուտան, որպեսզի ուզած ատենները գան ու անոր վրա իրենց չար կամքը կատարեն: Այրհարույց վարժատան