Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միմյանց հետ խոսելու, միմյանց միտքը և դրությունը լավ հասկնալով, որոշեցին լուռ մնալ և քարշ ածել այս գործը, որչափ որ կարելի է դիմանալ։

Եկավ Արևելյան պատերազմը, կառավարությունը ընկավ պարտքի մեջ, ժողովուրդը կրեց անտանելի ծանրություն և, ի վերա այսր ամենայնի, երբ Սեբաստուպոլսի պարիսպքը խոնարհեցան դաշնակից զինվորության առջև, Նիկողայոսը մեռավ։ Մեռավ նորա հետ և նորա համակարգությունը։ Ինչ կամիս, արա՛, բայց ժամանակը յուրյանը կառնու։ Նոր կառավարությունը տեսավ այս բոլորը, հասկցավ, որ անցյալը չէ կարելի շարունակել, լարերը շատ ձգված են, ուստի մի փոքր թուլացրեց ժողովրդյան սանձը։ Մինչ այս. մինչ այն, տնտեսական խնդիրը մի աներևույթ զորությամբ, ընկավ մեջտեղը. հարկը ստիպում էր լուծել նորան այս անգամ։

Եվ ահա ժողով ժողովի քամակից, խորհուրդ խորհուրդի քամակից, ինչպե՛ս լուծել, որ ազնվականությունը զոհ չբերե երկիրը. բայց ի՛նչպես լուծել, առանց հող տալու շինականին։ Երկիր չտալ նոցա, ասել է 23 միլիոն ժողովուրդ օրական հացի կարոտ ձգել, ասել է, այդ ազատության մյուս օրը պատերազմ ունենալ 23 միլիոն բազմության հետ, որ, սովամահ լինելու երկյուղից և հուսահատութենից, պիտի պատերազմի սարսափելի զորությամբ։ Երկիր տալ նոցա, ասել է բովանդակ ազնվականությունը հարուցանել կառավարության ընդդեմ. բայց չտալ չէ կարելի։ Վերջիվերջո, որոշվեցավ չափավոր քանակություն հողի, տալ ստրուկներին, այսինքն, յուրաքանչյուր գյուղական հասարակության և ընկերության, համեմատ նոցա թվին. այնպես, որ այդ հասարակությունքը, մինչև մի նշանակյալ ժամանակ, ամ ըստ ամե վճարեն յուրյանց պարոններին այն հողի գինը, մինչև վճարը ավարտվի։

Բայց երբ 1861, փետրվարի 19-ի հրովարտակը դուրս եկավ, որի մեջ կայսրը ասում էր, թե ստրուկները ազատ են և յուրյանց հողը պիտի ստանան հրովարտակի թվյալ օրից երկու տարուց հետո, իսկ մինչև այն երկու տարու վերջը պիտի մնան նույն հարաբերության մեջ դեպիյուրյանց պարոնները, ինչպես հառաջ, ստրուկները և լսել չկամեցան։

— Հրատարակեցիր մեզ ազատ, հանդերձ մեր հողով, և ահա վերջացած է ամեն բան։ Մեք չկամինք մնալ, այսուհետև այն հարաբերության մեջ, ուր մաշեցան մեր նախնյաց և մեր ոսկերքը։ Դարավոր սպիներով ծածկված է մեր մեջքը, անզուսպ բարբարոսությունը, յուր ուժը մաշեց մեր կուրծքի վերա։ Մեր մատաղահաս դստերքը զոհ գնացին անխնա, մեր պարոնների բռնաբարության. կանանց մասին այլ խոսք