քառասուն անգամ, եթե կամենան, փոփոխեն կառավարության ձևը, բայց քանի որ հասարակության մի մասը տիրապետել է հողին, իսկ մյուս մասը մնում է մուրացիկ, այնտեղ թագավորում է բռնությունը:
Նույն այս տնտեսական խնդրի առաջև կանգնած է այսօր ռուսական կառավարությունը և ազնվականը։ Այս խնդիրը մահու և կյանքի խնդիր է. «to be, or not to be»: Քսան երեք միլիոն[1] ստրուկ, որ մինչև ցարդ նստած հայրենիքի հողի վերա ծառայում էր և հարկ էր տալիս յուր պարոնին, վաղուց և վաղուց ազատված կլիներ ստրկութենից, եթե կարելի լիներ կառավարության, կամ ազնվականին, ասել ստրուկներին.— Մանկո՛ւնք, այս օրից հետո ազատ եք կատարելապես և ձեր ստրկական հարաբերությունը, դեպի ձեր պարոնները, վերջացած է. գնացե՛ք ուր կամիք և ապրեցե՛ք, ինչպես կամիք։
Բայց կառավարությունը և ազնվականությունը պարզ տեսնում էին այս տեսակ ազատության անհնարավորությունը։ Ո՛ւր երթա 23 միլիոն ժողովուրդ, անհող և անկայան, ի՛նչ գործե, ի՛նչպես ապրի։ Նույն հողը, որի վերա բնակվում էր և որ գործում էր, այժմ, ազատվելուց հետո, պիտի վարձու առնուր յուր պարոնից. ի՛նչ ազատություն էր այս, ո՞չ ապաքեն և առաջ նույնն էր գործում, միայն այս տարբերությամբ, որ տված դրամը կամ անձնական աշխատությունը, փոխանակ դրամի համարվում Էր հարկ, իսկ այժմ նույնը պիտի անվանվեր վճար: Բայց շինականին ի՛նչ մխիթարություն անվանափոխության մեջ, քանի որ գործը նույնն է: Պիտի ասեն, որ այդ տեսակ ազատութենից շինականը եթե տնտեսական մասնում ավելի վնաս ունի քան թե օգուտ, գո՛նե կազատվի ստրկութենից և պարոնի իշխանության և լուծի տակից։ Այստեղ ևս մխիթարական բան չկար շինականին. այո՛, պիտի ազատվեր պարոնից, բայց դորա փոխանակ պիտի ընկներ կառավարության աստիճանավորների ձեռքը, այսինքն, անձրևի երեսից՝ ծովը։
Տեսավ կառավարությունը, որ այս տեսակ ազատություն չէ կարելի տալ. գուշակեց նա գալոց փոթորիկը։ Տեսավ ազնվականը և համոզվեցավ, որ այս տեսակ ազատություն տալը, ազնվականության մահու դատակնիքը ստորագրել է։ Ուստի և՛ կառավարությունը, և՛ ազնվականը, վախնալով բարձրացնել այս ճակատագրական վարագույրը, որի քամակում կանգնած է Ռուսիո սոսկավիթխար ապագան, լուռ կացին և առանց
- ↑ 1858—59 թվականների աշխարհագրության նայելով, Ռուսիո մեջ եղած ստրուկների թիվը հասնում էր մինչև 23,069,631, որոնցից 11,244,913 արու, իսկ մնացած 11,824,718՝ էգ, Ծ. Հ.