Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/520

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չի կարելի չնկատել, որ Նալբանդյանի «Ցազագս հայկական մատենագրութեան ճառի» բազմաթիվ էջեր և հատկապես «Երկու տող» պամֆլետը իրենց վրա կրում են Փարպեցու «Թղթի», հռետորական պաթոսի և բառապաշարի հետքերը։ Խարազանելով իր ժամանակակից խավարամոլ եկեղեցականներին, Նալբանդյանը հիշեցնում էր նրանց Փարպեցու ողբերգական ճակատագիրը։ Նա անարգանքի սյունին էր գամում «կատականաց աբեղաներին», որոնք Փարպեցուն, «մերկ, ողորմելի» դուրս վռնդեցին այն վանքից, որի բարեկարգման համար նա դրել էր իր ողջ կարողությունը։ «...Եւ այժմեան հակառակորդք լուսաւորութեան, — եզրակացնում է Նալբանդյանը,-որդիք են առաջնույն, որք զայս արարին»։

Դրանցից մեկին (Հովհաննես Չամուռճյանին) Նալբանդյանը գամել էր անարգանքի սյունին իր «Երկու տողում»։ Եվ դարձյալ Փարպեցու օգնությամբ։ Խոսելով այն հետապնդումների մասին, որոնց ենթարկվում էին V դարի «տոնելի թարգմանիչները» եկեղեցականների կողմից, Նալբանդյանը գրում էր. «Խորենացու տգիտահալած մատյանները փաթաղիկես անունով հռչակեցին, իսկ Ղազար Փարպեցին՝ աղանդավոր»: Եվ ավելացնում էր. «Փարպեցին, այս բոլորը մանրամասն պատմելուց հետո, գեղեցիկ նկարագրում է հայոց եկեղեցականությունը, նաև հինգերորդ դարում...»։

Այսպես էր իրականանում կապը Ղազար Փարպեցու հռետորական արվեստի և Միքայել Նալբանդյանի հրապարակախոսության միջև։ Այս ամենից հետո պարզ է դառնում, թե ինչու էր նա այդպես ջերմորեն ողջունում «Թղթի» առաջին հրատարակությունը և ցանկանալով հասցնել Փարպեցու սուր խոսքը լայն ընթերցող հասարակությանը, նա նախաձեռնում է V դարի այդ անզուգական գրական հուշարձանի աշխարհաբար թարգմանությունը։ Միևնույն ժամանակ «Թղթի» թարգմանությամբ Նայբանդյանը ցանկանում էր ցույց տալ, որ ինչպես անցյալում, այնպես էլ ներկայումս հոգևորականությունը միատարր չէր, որ նրանց մեջ էլ եղել են առաջավոր մտածողության գործիչներ, որոնց նկատմամբ հալածանքներ էին նյութվում խավարամիտ եկեղեցականների կողմից։ Պատմելով «Թղթի» բովանդակությունը իր §2 ծանոթագրության մեջ, Նայբանդյանը գրում է. «Առհասարակ այս հիշատակարաններից ենթադրելով միայն, պիտի գուշակել այն դառը հանգամանքը, որոնց մեջ փակված էր Փարպեցին։ Նորա «Թուղթը» և հառաջաբանը, պարզ երևում է, որ պահել են իրենց մեջ եղած բաների հազիվ մի հարյուրերորդ մասը, և այս է պատճառը, որ տեղ-տեղ անհասկանալի է մնում մեզ «Թուղթը», որովհետև մենք չգիտենք այն բաները, որոնց վրա ակնարկում է «Թղթի» հեղինակը»։

Նպատակ ունենալով շեշտել, Փարպեցու ստեղծագործության մերկացնող պաթոսը, ի տարբերություն Մկրտիչ Էմինի, Նալբանդյանը իր անվանաթերթերի վրա տալիս է նաև «Թղթի» ենթավերնագիրը՝ «Մեղադրություն ստախոս աբեղաներին», դրանով արդեն իր մեղադրական վճիռը ներկայացնելով ինչպես անցյալի, այնպես էլ իր ժամանակակից «ստախոս աբեղաներին»։

Փարպեցու «Թղթի» աշխարհաբար թարգմանությունը գիտական լուրջ մի աշխատություն է, որտեղ փայլուն կերպով դրսևորվել են Միքայել Նալբանդյանի բանասիրական ակնառու ընդունակությունները։ Նա, ըստ էության, կարողացել է կազմել «Թղթի» թարգմանության հիմնավորապես համոզիչ քննական տեքստը, մատակարարել այն բովանդակալից ու մանրամասն ծանոթագրություններով, օգտագործելով դրանց համար մեծաքանակ սկզբնաղբյուրներ, որոնց ցանկը նա բերում է իր § 2 ծանոթագրության մեջ, կամ տայիս տեքստում (Կորյուն, Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ, Մովսես Խորենացի, Եղիշե, Ղազար Փարպեցի, Սեբեոս, Ասողիկ, Թովմա Արծրունի, Կիրակոս Գանձակեցի, Վարդան Վարդապետ, Միքայել Չամչյան, Մկրտիչ Էմին և ուրիշներ)։