Փարպեցու թուղթը» հանձնեցին մեզ և իրավունք տվին հրատարակելու» (« Ղազար Փարպեցու գրած թուղթը», Ս. Պետերբուրգ, 1868, էջ XXII—XXIII)։
Բնագրի վերջում, «Թարգմանչի բացատրությունք» բաժնում հրատարակիչը գրել է հետևյալը. «Այստեղ պակասում են մի քանի բացատրությունը, գուցե ծանր հիվանդության և այլ պատճառներով հանգուցյալը կարողացած չէր ավարտել կամ պարզագրել, իսկ սև օրինակների մեջ շարունակությունը և վերջը մենք չգտանք։ Աստծու փառք, որ գեթ այսքանը հաջողվեցավ մեզ ձեռք բերել և հրատարակել։ Բայց գուցե Պ. Սերովբե Նալբանդյանցի մոտը եղած թղթերի մեջ գտնվի սորա պակասը։ Մենք խոնարհաբար՛ խնդրում ենք այս ազնիվ պարոնից հասուցանել մեր ձեռքը իր մոտ գտնված սև օրինակները որ մի օր կարողանանք աստծու աջողելով այս պատվական աշխատության պակասը լցուցանել» (նույն տեղում, էջ 74)։ Սակայն այդ պակաս թերթերը այդպես էլ հնարավոր չեղավ հայտնաբերել։
Նալբանդյանի անձնական գրադարանում, բացի «Ղազարայ Փարպեցւոյ թուղթ առ Վահան տէրն Մամիկոնեից, ի լոյս ընծայեաց Մկրտիչ Էմին։» (Մոսկվա, 1853) գրքից, պահվում է նաև «Ղազար Փարպեցւոյ արարևալ պատմագրութիւն, ի բաժանմանէ թագաւորութեան Արշակունեաց մինչև ցօր մարզպանութեան Վահանայ Մամիկոնոյ» (Վենետիկ, 1793), որը նույնպես թարգմանել էր բերդում և որի մասին ակնարկում է Ղազար Փարպեցու «Թղթի» § § 1,9 ծանոթագրությունների մեջ։
Ղազար Փարպեցու «Թղթի» թարգմանության և ծանոթագրությունների վրա Նալբանդյանը աշխատել է Պետրոպավլովյան բերդում գտնվելու ընթացքում։ «Բերդի հիշատակարանում» արված գրառումներից, ստացված գրքերից, բերդից գրված նամակներից և այլ տվյալներից ուսումնասիրողները եկել են այն եզրակացության, որ Նալբանդյանը այս աշխատանքին է ձեռնարկել «Կրիտիկա «Սոս և Վարդիթերի» ընդարձակ ուսումնասիրությունը ավարտելուց անմիջապես հետո, 1864 թ. մարտից մինչև 1865 թ. սկիզրը ընկած ժամանակահատվածում (տե՛ս , Բանասիրական ճշգրտումներ, Ղազար Փարպեցու «Թղթի» Միք. Նալբանդյանի թարգմանության տարեթվի հարցը, ՀՍՍՀ ԳԱ «Տեղեկագիր», հասարակական գիտ., 1957, էջ 93— 97)։
Միքայել Նալբանդյանի հետաքրքրությունը հայ հին գրականության և առանձնապես նրա V դարի նկատմամբ պատահական երևույթ չէր։ Այդ մասին են վկայում նրա բազմաթիվ երկերը, մասնավորապես «Յաղագս հայկական մատենագրութեան ճառը» (1854 — 55), ինչպես նաև հայ հին գրականության վերաբերյալ նրա բազմաթիվ վկայակոչումները էժեն Սյուի «Թափառական հրեայի» թարգմանության առաջաբանում, «Մեռելահարցուկ» վեպում, «Հիշատակարանում», «Մխիթար Սեբաստացի և Մխիթարյանքում», «Երկու տողում», «Կրիտիկա «Սոս և Վարդիթերում», «Նկատողությունում» (1865), հրապարակախոսական ու քննադատական աշխատություններում։ Հենվելով հին գրականության ավանդույթների վրա, նա վեր էր հանում իր ժամանակակից իրականության սոցիալական արատները, տալիս ազգի առաջադիմությունը խաթարող հոգևորականության արատավոր պատկերը։ Այդ իմաստով նրա ուշադրությունը առանձնապես գրավում էր Ղազար Փարպեցու կյանքն ու գործը։
Խավարամոլների դեմ ուղղված պայքարի ընթացքում մեկ անգամ չէ, որ Նալբանդյանը դիմել է Փարպեցուն, որի երկերի մերկացնող պաթոսը մոտ էր իր խառնվածքին։ Փարպեցու գործերում նա գտնում էր «չհատոլւիմաստից զեղմունս». «Ոգի հեղինակիս անվեհեր և գրվածք սորա, — նկատում էր Նալբանդյանը, — ամենայնիւ ճշգրտապատումք , ի հայկաբանութեանն մասին համարի ընդ աոաջինս...»։