Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/522

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վարպետությունը։ Այդ կապակցությամբ Նալբանդյանը որոշ նկատողություններ է անում Փարպեցու հասցեին, «...Ի հայկաբանութեանն մասին համարի ընդ առաջինսն թէպէտ ի տեղիս տեղիս ցուցանէ ճապաղ ոճ խօսից և ամենևին հակառակ ամփոփախօս Մովսիսի Խորենացւոյ» (Մ. Նալբանդյան, սույն հրատարակություն, Հ II., էջ 28 —29)։ Հետագայում նույնպես խոսելով Եղիշեի մասին Նալբանդյանը միշտ նշել է նրա լեզվի պարզությունն ու գեղեցկությունը, դնելով նրան Խորենացու կողքին. «Ի սմա (Յովհան Երզնկացի Պլուզ.—խմբ.) դադարեալ տեսանեմք զոճ հայախօսութեան Խորենացւոյ և Եղիշէի». «զի ի հինգերորդ նուիրական դարու ոչ ամէն ոք ԵղիշԷ, ոչ ամեն ոք Խորենացի» (սույն հրատարակություն, II, էջ 34, 41)։ Հ. Գեոքչեյանին 1855 թ. մայիսի 12-ին գրած նամակում Նալբանդյանը ասում է. «Հին լեզվի երիտասարդությունը համարում եմ Եղիշեի քաղցրախոս Վարդանանց պատերազմի նկարագրությունը» (սույն հրատարակություն, հ. I, էջ 22)։

Խորենացու և Եղիշեի լեզուն ու ոճը Նալբանդյանի համար հանդիսանում էին հայոց հին լեզվի բարձր չափանիշ։ Իսկ ինչ վերաբերում է Նալբանդյանի կողմից V դարի պատմագիրների մեջ Փարպեցուն հատկացրած տեղին, ապա, ինչպես կարելի է մակաբերել վերը ասածից, նա նախապատվությունը տալիս էր Փարպեցուն՝ Եղիշեի համեմատությամբ, որոնք երկուսն էլ, սակայն, զիջում են Խորենացուն։ Միևնույն ժամանակ Նալբանդյանը ասում է. «Բայց մենք մանրամասն կխոսենք այս բաների մասին, երբ աստծու աջողելով հրատարակենք Փարպեցու Հայոց պատմության թարգմանությունը» (§9)։ Նալբանդյանին չհաջողվեց իրականացնել իր մտահղացումը, և մենք չգիտենք նրա առաջ քաշած դրույթի փաստարկողները, որոնք, անկասկած, մեծ հետաքրքրություն պիտի ներկայացնեին գիտության համար։ Իր այդ ցանկության մասին Նայբանդյանն ակնարկել է նաև տարիներ առաջ «Հյուսիսափայլում» հրատարակած «Նկատողությունք» (1858) հոդվածում. «Մեք մեր կողմից խոստանում ենք, եթե ամենակալ տերը շատ չհամարե այս խոստմունքը և ժամանակ տա մեզ, դնել մի օր մեր ազգի առաջև նորա հինգերորդ դարու հեղինակների գործերր, զորօրինակ։ Խորենացին, Եղիշեն, Ղազարը և այլն և այլն-նոր, ժողովրդական կենդանի և հասկանալի լեզվով» (սույն հրատ., Հ. II, էջ 317)։

Էջ 304, տ. 15. «… նորան հանձհնեց Նոր քաղաքի երևելի և հոյակապ տեղը, որի անունը սուրբ Կաթողիկե եկեղեցի էր...» — § 6 ծանոթագրության մեջ Նալբանդյանը նոր քաղաքի մասին էմինի հետ վիճելիս առաջադրում է ճիշտ ստուգաբանություն։ Թեև արդի բանասիրությունն այս հարցր համարում է վճռված, այնուամենայնիվ կարելի է բերել Խորենացու վկայությունը ևս. «Այս Երուանդ՝ աոաջինն է, սակաւակեացն, որ ի Հայկազանց, զորոյ զքոյրն կին առեալ Վարդգէսի՝ շինեաց զաւանս զայս, յորում և Տիգրան միջին յԱրշակունեաց նստոյց զհասարակ առաջնոյ գերութեանն Հրէից. որ եղև քաղաքագիւղ, վաճառօք։ Այժմ այս Վաղարշ պատեաց պարսպաւ և հզօր պատուարաւ և անուանեաց Վաղարշապատ, որ և Նոր քաղաք» (Խորենացի, Տփխիս, 1913, էջ 199 —200)։

Էջ 305, տ. 27. «...տղամարդի որդի լինելով…» 15 ծանոթագրության մեջ Նալբանդյանը բերում է բնագրի «Աոն եղեալ որդի» արտահայտությունը և որից նա բառացի թարգմանել էր նախադասությունը, ասելով, որ ինքը չի կարողացել ըմբռնել միտքը, և թողնում է ապագա կարդացողներին լուծելու այս խնդիրը։ Բանասերներից ոմանք այս արտահայտությունն են հիմք ընդունում Փարպեցուն և նրա ծնողներին ազնվական ծագում տալով։