Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/523

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

§ 23 ծանոթագրության մեջ Նալբանդյանը մի շարք փաստերով ցույց է տալիս Ղազար Փարպեցու ծագման վերաբերյալ իր ենթադրությունները։ Հիշյալ նախադասության մեջ, որն օգտագործված է ինքնանվաստացման առումով, Փարպեցին ինքն իրեն համեմատում է երբեմնի հեթանոս դատավոր Պողոս Տարսոնացու հետ, նպատակ ունենալով շեշտելու իր նախկին ոչնչությունը հետագա բարձր դիրքի նկատմամբ:

էջ 306, տ. 23. «խաղալու ժամանակ ձեր արկանելին ձեր քամակից տանելով...» — § 26 ծանոթագրության մեջ նշելով, որ չի կարողացել ճիշտ թարգմանել «արկանելի» բառը, Նալբանդյանը մեկնաբանում է. «Արկանելի բառը, մեր լեզվի մեջ, գլխարկից սկսած մինչև օթոցը (փռվածք, խալիչա) ամեն բան նշանակելով, մեր թարգմանության մեջ բնագրի խոսքը պահեցինք, որովհետև չգիտենք ստուգապես թե ի՞նչ բան էր, որ Փարպեցին տանում էր Վահանի քամակից, խաղալու ժամանակ»։

Ներկա դեպքում արկանելի բառը պետք է հասկանալ արկանել բայական իմաստով, որ նշանակում է նետել, ձգել:

Ամենայն հավանականությամբ, Վահանի, «արկանելիները» ոչ այլ ինչ էին, եթե ոչ «խաղալիքներ», կոնկրետ իմաստով նետեր, նիզակներ և արկանելի զենքերի այլ տեսակներ, որոնք գործ են ածվել մանկական զինախաղերի ժամանակ։

Արկանելի բառն ունի նաև օթոցի կամ վերնազգեստի ընդհանուր նշանակություն։

Էջ 310, տ. 14. «Դարձյալ ասում էին «աղանդավոր է» — V դարում Հայաստանում տարածված են եղել մի քանի աղանդներ, որոնց գործունեության վերաբերյալ պահպանվել են միայն կցկտուր տեղեկություններ: Այդ աղանդներից ամենատարածվածներն էին Մարկիոնի աղանդը, Մանիքեացիների աղանդը և Մծղնեացիների աղանդը։

Մարկիոնի աղանդը հետամուտ էր բարեփոխություններ մտցնելու ամբողջ եկեղեցու մեջ: Մերժում էր Հին կտակարանը, մաքրում եկեղեցական ավանդությունները, հերքում Հիսուսի ծննդյան պատմությունը, սրբագրում Պողոսի 10 թղթերը և կազմում իր ավետարանն ու առաքելականը։ Պաշտոնական եկեղեցին մարկիոնականոլթյունը համարում էր իր հիմնական հակառակորդը և Մարկիոնին անվանում «Սատանայի անդրանիկ որդի»: V դարի աոաջին կեսում մարկիոնականներր բազմաթիվ հետևորդներ ունեցան Ասորիքում, որտեղից էլ շարժումը մուտք գործեց Հայաստան։

Մանիքեացիների աղանդը, որ սկիզբ առավ Պարսկաստանում III դարում, ձգտում էր քրիստոնեությունը հաշտեցնել զրադաշտության հետ։ Մանիի էթիկան պահանջում էր անպայման ճգնական կյանք, խավար տարրերից հեռու մնալու և լուսավորների հետ հարաբերության մեջ մտնելու համար։ Մանիականը պետք է իրեն հեռու պահեր անմաքուր խոսակցություններից, կենդանական կերակրից, գինուց և բարձր կանգնած լիներ ամեն զգայականություններից։ Մանիի աղանդն ունեցավ բազմաթիվ ճյուղավորումներ․ հավանորեն սրա մի ճյուղն էր «բարբարիտոն» կոչված աղանդը Արևմտյան Հայաստանում, որը խիստ հալածանքի ենթարկվեց հայոց եկեղեցու կողմից։ Նույն աղանդը հիմք դարձավ VII դարի Պավլիկյան շարժման համար։

Մծղնեացիների աղանդը ամենատարածվածն էր V դարի Հայաստանում։ Մծղնյանները, Մեսալյաններր կամ Յուխիտները կոչվում էին ծայրահեղներ, քանի որ մերժում էին եկեղեցու խորհուրդները, ժխտում օրենք դարձած աղոթքները, պահանջում, որ յուրաքանչյոլր ոք ազատ լինի աղոթելու այնպես, ինչպես թելադրում է իր սիրտը (մեսալյան =աղոթող), մերժում էր պահքը և հայտարարում, որ Սուրբ Հոգու շնորհը կարելի է ստանալ միայն աղոթքի միջոցով։ Մեսալյաններր մերժում էին ամուսնությունն ու աշխատանքը և ապրում մուրալով և բացօթյա։ Եփեսոսի ժողովը 431 թ. դատապարտեց այդ