Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/528

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձեռքով, այլ արտագրություն է, որ, Ա. Հովհաննիսյանի բացատրությամբ, Հաճախ <<արվում էին հրապարակախոսի բարեկամների կողմից և օգտագործվում նրա հակառակորդների դեմ, որպես պայքարի ընդհատակյա զենք>>։

<<Կտոր մը Այվազովսքիաբանություն>> պամֆլետի հեղինակի ինքնությունը հաստատելու համար Ա. Հովհաննիսյանը հենվում է բովանդակության մանրակրկիտ քննության, պամֆլետի ոճի և լեզվի ուսումնասիրության, ինչպես նաև տպագրված տեքստի և ձեռագրի համեմատության վրա, որոնց միջև կան էական տարբերություններ (գլխավորապես լեզվի մեջ)։ Ականավոր նալբանդյանագետի փաստարկումները հետևյա հիմնավոր դրույթներն են. Պամֆլետում գլխավոր մեղադրյալը Գաբրիել Այվազովսկին է-Միքայել Նալբանդյանի վաղուցվա գաղափարական հակառակորդը, որի դեմ նա բազմիցս սուր ելույթներ է ունեցել (<<Երկու տողս>> և այլն)։ Պամֆլետի հեղինակը ցուցաբերում է ռուսական իրականության և մասնավորապես արևելյան հայերի կյանքի լավ իմացությունը։ Պամֆլետում կան մի շարք փաստեր, մտքեր և գրական ձևեր, որոնք ուղղակիորեն համընկնում են Նալբանդյանի այլ ստեղծագործությունների ու նամակների հետ։ Գրված լինելով արևմտահայ լեզվով, պամֆլետը մատնում է արևելահայերենով խոսող և գրող հեղինակին, որն առանձնապես ակնհայտ է դառնում տպագիր և ձեռագիր տեքստերի համեմատությունից, որոնցից տպագիրը անկասկած ենթարկվել էր լեզվային խմբագրման (հավանորեն հենց <<Մեղուի>> խմբագիր Հ. Սվաճյանի կողմից)։

Բերենք Աշոտ Հովհաննիսյանի մի քանի փաստարկումները, որոնք հիմնված են պամֆլետի տպագիր տեքստի և ձեոագիր արտագրության համեմատության վրա։ 1. <<Ձեոագիրը տպագրության հանձնելուց առաջ <<Մեղուի>> խմբագիրը փոխում է նրա ուղղագրություն>>, <<զրկուեցաւ>>, <<սկսուածի>>—<<զըրկվեցաւ», <<սկըսված» և այլն։

2. <<Արևմտահայ լեզվով գրող հեղինակն արել է արևելահայ լեզվին հատուկ խոտորումներ։ Հարկ եղավ, որ խմբագրությունն շտկեր այդ խոտորումները»։ Այնուամենայնիվ տպագիր տեքստի մեջ մնացել են բնագրի արևելահայ որոշ ձևերը <<կճանաչեր>> փոխանակ <<կճանչնա>>, <<կտա>>, փոխանակ <<կուտա>> և այլն։ 3. Նալբանդյանի լեզուն — նորնախիջևանյան բարբառն է, որը պատկանում է արևմտահայ, կամ՝ <<կը>>-ական ճյուղին։ Այդ իսկ պատճառով նա միանգամայն ազատ կարող էր արևմտահայ լեզվով հոդված գրել <<Մեղուի>> համար, ճիշտ է, որոշ շեղումներով։ Բայց նա գիտեր, որ Սվաճյանը կուղղի դրանք։ Ավելացնենք, որ Նալբանդյանը ուներ արդեն այդպիսի փորձ՝ <<Երկու տող>>-ում տողատակի ընդարձակ մեջբերումները և <<Արգո խմբագիր <<Մեղու>> հանդեսի>> պամֆլետը ամբողջությամբ։

4. Հեգնելով Արիստոտելի՝ մարդկային ուղեղը սպունգի հետ համեմատելու փաստը, Նալբանդյանը անտիկ մտածողների ասածը վերագրում է Գ. Այվազովսկու ուղեղին։ Արիստոտելի այդ ասացվածքը, ինչպես պնդում է Աշոտ Հովհաննիսյանը, <<վաթսունական թվականների հայ գրականության մեջ հանդիպում ենք միայն Նալբանդյանի մոտ և այդ դարձյալ բանտի գրվածքներում>>—<<Հեգելը և նորա ժամանակ>>-ում և 1863 թ. մայիսի 1-ին եղբորը գրած նամակում և ճիշտ նույն հեգնական ձևով։

5. Պամֆլետում օգտագործված են Նալբանդյանի <<Հիշատակարանի>> մի քանի հնարանքները, և դարձյալ նրա համար, որպեսզի իսկական հեղինակից հեռացվեն բոլոր կասկածները։

<<Կտոր մը Այվազովսքիաբանություն>> պամֆլետը, կարծես թե, ամբողջացնում, ի մի է բերում Այվազովսկու և նրա համախոհների դեմ Նալբանդյանի մղած պայքարը, որոնք, աշխատում էին խլացնել դեմոկրատ գրողի ճշմարտության ձայնը։