Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/529

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գաղափարական իր հակառակորդների դեմ Նալբանդյանը պայքարում էր <<բանականության սրով>> (այլ միջոցներից նա զուրկ էր բերդում), և ստիպված էր դիմելու կամ այլաբանության, ինչպես «Կընդուկ պոչատի և նորա Սանչոյի մկրտությունը» և «Մամիկոնյան մեծ Վահանի պատասխանը» բանաստեղծություններում (գրված նույնպես Պետրոպավյովյան բերդում), կամ քողարկումների, ինչպես «Կտոր մը Այվազովսքիաբանություն>> պամֆլետում, հրատարակելով այն առանց ստորագրության, արտասահմանյան օրագրում։ Նալբանդյանը մերկացնում է Այվազովսկու գործունեությունը Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդի պաշտոնում, նրա չարաշահումները և փողային մեքենայությունները, որոնք հովանավորվում էին Նոր Նախիջևանի քաղաքագլուխ Հարություն Խալիբյանի կողմից, նրա զրպարտություններով լի ելույթները ուղղված դեմոկրատների, իսկական հայրենասերների և աոաջին հերթին Նալբանդյանի դեմ։

Որպես բնաբան պամֆլետի համար վերցված են Մաշտոցի խոսքերը։ «Լինին ահեղ դատաստանի... դժոխքն աղաղակէ և սատանայ յամօթ լինի»։ Եվ Նալբանդյանը արարում է իր <<ահեղ դատաստանին>> Այվազովսկու թեմի առաջնորդ դառնալու օրիք, երբ նշանտրուքի, ամուսնության, ծնունդի, թաղման և այլ դեպքերով եկեղեցուն <<կամավոր>> նվիրատվություններ կատարելը վեր էր ածվել ագգաբնակչությունից լրացուցիչ գանձվող ծանր հարկի։ Օրինակ, եթե մի մարդ, որը պատրաստվում էր ամուսնանալ և ի վիճակի չէր վճարել մի կլորիկ գումար պսակադրությունը կատարելու համար, եկեղեցու պաշտոնյան նրան ասում է. <<Աղքատ ես նէ ինչո՞ւ կկարգվիս... Աղքատին կնիկ պետք չէ»։ Այդպիսին է սուրբ հոր բարոյականությունը։ «Թ՞ե որ ժամանակները ուզածներուս պես ետև առաջ խաղցնելու կարող ըլլայինք նէ, — գրում է Նալբանդյանը,—չպիտի տարակուսենք ըսելու թե Անգղիո սքանչելի էքոնոմիստ Մալթուսը իր թեորիի գաղափարը անոնցմե է ուսել...»։

Չեռնիշևսկու, Պիսարևի նման Նալբանդյանը ևս քննադատում էր անգլիացի տնտեսագետ հոգևորական Մալթուսի մարդատյաց <<տեսությունը>>, որն աշխատավորների աղքատացումը կապիտալիստական հասարակարգում բացատրում էր հավիտենական բնական օրենքով, բացարձակ գերաճով։ Ըստ նրա «ուսմունքի»' ազգաբնակչության աճի և գոյության միջոցների միջև եղած հակասությունը կարելի է վերացնել մարդկության քանակության կրճատումով և հասնել դրան սովի, ցրտի, ամուսնության արգելքի օգնությամբ։

Քանի որ պամֆլետը տպագրվելու էր առանց ստորագրության, ապա Նալբանդյանը իր «Հիշատակարանի» օրինակով գործողության մեջ է մտցնում նաև Նալբանդյանին, որը ծառայում էր գլխավոր թիրախ Այվազովսկու հարձակումների համար (այդ մասին Նալբանդյանը արդեն խոսել էր «Երկու տող»-ում)։ Կծու երգիծանքով պամֆլետի հեղինակը գրում է Այվազովսկու ապարդյուն ջանքերի մասին՝ իրեն «տերության թշնամի» ներկայացնելու հարցում, որը իբր թե «ամենուն խզտրմիշ կընե եղեր (կերևնա թե զինքն ալ խզարմիշ է ըրեր), տերության հայտնի է եղեր, բերդը կպահվի եղեր, և այլն, և այլն, բերնի թափթփուկ, անոր խստագույն պատիժ մը տալը տերության մեծամեծ օգուտներ պիտի բերե եղեր (մոլի՜ս Գաբրիկ, բազում լրբությունքդ զքեզ ի մոլության ածե), ըստ որում անոր նման խռովարարներն ալ անոր պատժվելովը կրնան խրատվել եղեր»։

Սակայն զրպարտիչը սխալվել էր. հասարակայնության պահանջով Գաբրիել Այվազովսկուն հեռացրին թեմի առաջնորդությունից։ Այսպես անշուք կերպով ավարտվեց «անարծաթ» վարդապետի առաջխաղացումը իր պաշտոնում։

Էջ 389, տ. 2—7 «...բանին դպրութիւնք, կարգին աթոռք, լինին ահեղ դատաստաանի...» — Մեջբերումը Մաշտոցից, ամենայն հավանականությամբ կատարված է հիշողությամբ