Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յուրյանց անձնական շահին պաշտոնյա, տերության գանձը հասարակ ժողովրդի արյունի և քրտինքի հետ միասին լափլիզող: Այստեղ անհատուցանելի է պարտքը, այստեղ բարձրաձայն խոսում է սնանկությունը: Այո՜, ոսկին, իբրև մի ազնիվ մետալ, չէ կարող մնալ մի այնպիսի խառնակ տեղում, — նա բարձրանում է: Մնում է անարգ թուղթը և չէ վախենում։ նա վստահ է, որ մարդիկ եթե դադարին նորան իբրև դրամ գործ դնելուց, թերևս չէ պիտո իսպառ մերժվի, հարմար լինելով այլ պիտառության։ Բարի ճանապա՛րհ։

Եթե կառավարության կողմից չկա մի խելացի, մի արմատական հնարի գործադրություն, քաղաքական տնտեսությունը կարգի դնելու և դուրս տված և ներս ընդունած ապրանքի կամ դրամի մեջ զուգակշիռը պահելու ձգտողություն, երբ հասարակաց ծանրաչափը ակներև գուշակում է նորա կյանքի համար մի մահաբեր մրրիկ, այն ժամանակ ինքը այդ հասարակությունը պարտակա՛ն է կողմնակի և յուր ձեռքից եկած հնարները գործ դնելով աշխատիլ, ազատվելու համար այն սոսկալի պատահարից, որին անտարակույս, եթե ոչ այսօր, վաղը կամ մյուս օր պիտի հանդիպի երես առ երես։

Ի՛նչ հնար կարող է գործ դնել հասարակությունը այդ վտանգից ազատվելու համար։ Նա ինքը ևս աղքատ է և ոչինչ ունի, ինչպես ուրեմն կարող է օգնել ուրիշին։

Խնդիրը նույնիսկ այնտեղ է, որ նա աղքատ է և պիտի առավել աղքատանա, եթե ճգնի յուր մինչև այժմ բռնած ճանապարհը շարունակելու։ Նա աղքատ է, բայց այդ աղքատությունը միայն կարող է լարել նորա ջլերը, նորա գործունեությունը, աղքատությունը միայն կարող է սթափեցնել նորան յուր թմրութենից, որպեսզի նշմարե յուր մինչև այժմ բռնած ճանապարհի ուղղությունը և փոխե նորան, հառաջ քան թե հասել էր մինչև նորա կորստական ելքը։ Եթե հարուստ լիներ հասարակությունը, կարոտություն չկար հնար մտածելու, ճանապարհ փոխելու. նորա աղքատ լինելը, միևնույն ժամանակ, կարող է լինել և նորա փրկությունը։

Պոլսի մեջ, նորա շրջակայքում կամ այլ քաղաքներում բնակվելու և ձուկի նման տապակ-տապակ լինելու ախորժակը անհասկանալի է մեզ։ Վաճառականություն առնել մի աշխարհում, ուր դրամի գինը մի օրվա մեջ այնքան անգամ փոխվում է, որ ո՛չ առնողը գիտե նորա րոպեական արժեքը և ո՛չ տվողը, վաճառականություն առնել մի տեղում, ուր ոչինչ հաստատ բան չկա, ուր շատ անգամ կհարկադրվիս այսօրվա հազար