Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ոսկին յուր գավառներում. ի՞նչ զորություն ունեին այդ գավառները, որ կարողացած լինեին նորանով յուրյանց մեջ դարձնել դրամի շրջանառությունը։ Գավառներից գալու մետալյա դրամը չպիտի կարողանա, մի տարի միայն, ծածկել Թուրքիո պարտքերի շահը և տարեկան ծախքի պակասորդը։ Ի՛նչ պիտի լինի ուրեմն այս հնարների ուղղակի հետևանքը։ Այն, որ պարտքը պիտի կրկնապատկվի. այն, որ գավառները ևս պիտի հասանեն Պոլսի օրը, այն, որ մի գեղեցիկ առավոտ թե Պոլսի և թե գավառների մեջ մարդիկ չպիտի կարողանան հաց ճարել, աղքատությունը և սովը պիտի հարկադրե նորանց դեպի հափշտակություն և կողոպուտ, մի խոսքով, բաբելոնյան խառնակություն։ Բայց չէ պիտո մոռանալ, որ մի այսպիսի վատաբախտ դիպվածում առաջ քրիստոնյայք կկողոպտվին, կմերկանան և կմեռանին, իսկ հետո թուրքը, կառավարչական ուժը, գոնե, այդտեղ գեթ պիտի երևի, որ յուր ողորմելի ստրուկներից ավելի ապրի մի քանի օր և այն, սպանվածների հաշվով։ Այս ապագայի ստվերական և թույլ օրինակը Պոլսի մեջ երևցավ 1861 թվականի վերջերում, բայց կգա օր, երբ այն ստվերականը ի լույս կճշմարտվի, և Բուլվեր ասպետը, հինգ հարյուր հաց բաժանելով, չէ կարողանալու դարման տանել վերահաս վտանգին։

Բայց Թուրքիո կառավարությունը չէ սոսկում յուր պարտքերից։ Նա մխիթարվում է տեսանելով, որ ավելի շատ են այլ տերությանց պարտքերը։ Նա զարմանում է միայն, թե ինչպես այն ավելի շատ պարտական տերությունքը, որ պետք է և ավելի շատ նեղության մեջ լինեին, քան թե ինքը, ծիծաղում են Թուրքիո ղուրուշների երեսն ի վեր և երկու երեք անգամ կարող են բարձրացնել յուրյանց ոսկիների գինը։ Մեղքը Մոհամմեդի վիզքը, որ սորա պատճառը չէ գրել Կուրանի մեջ։ Ուրիշ տերությանց պարտքը անհատուցանելի չէ, պարտքի գումարը վատնված չէ, պարտքի հանդեպ, և շատ տեղ, կրկին անգամ ավելի արժողությամբ, կա գործ. և պարտքը այսպիսի դիպվածում սնանկություն չէ։ Նոքա ունին երկաթուղիք, ունին հսկա նավատորմ, զինարան, զորք, բանակ և այլ հազար ու մի քաղաքական կամ զինվորական պատրաստությունք։ Իսկ Թուրքիան յուր պարտքերի հանդեպ ոչինչ ունի ցույց տալու։ Երեք ու կես նավ, բացի ծովագնացութենից ուրիշ ամեն բանի պիտանի, մի քանի հազար քաղցած և մերկ զինվոր, որ տարիներով չեն տեսնում ռոճկի երես, ներս մտանող ապրանքների մաքսը աննշան, յուր մեջ պատրաստված ապրանքի վերա ավելի ծանր հարկ, ո՛չ երկրագործություն, ո՛չ ճանապարհ, ո՛չ հաղորդակցություն, ո՛չ գիտություն և ո՛չ արվեստ։ Տերության կառավարիչքը