աղքատության։ Եվ այսպես, իբրև գրաստ, իբրև մեքենա ծառայելով արտասվելի օտարության մեջ տասն֊քսան տարի, կամ մեռանում է այնտեղ, թողնելով յուր ընտանիքը ծայրացյալ թշվառության մեջ, կամ վերադառնում է դեպի յուր երկիրը։ Վերադառնո՜ւմ է... Բայց ոչ այնպես առույգ և զվարթ, ինչպես դուրս էր եկել այնտեղից, այլ հասակն առած, ուժաթափ և թոշնած: Վերադառնո՜ւմ է յուր տունը... Բայց ի՞նչ եղավ արդյոք այն լքյալ տունի և ընտանիքի վիճակը նորա բացակայության ժամանակ։ Վերադառնում է յուր տունը, երբ կորուսել էր աշխատելու ընդունակությունը և հարմարությունը։ Ուրեմն, վերադառնում է նա միմիայն յուր ներկայությամբ, յուր աղքատ և կարոտ ընտանյաց թիվը հավելցնելու համար։
Եվ ահա նորա տասն և ութն կամ քսան տարեկան որդին, որ աճել և զորացել էր իբրև մի ծաղիկ յուր սեփական հողի վերա, առնում է ձեռքը յուր հոր պանդխտական գավազանը և գնում է...
— Ո՞ւր բարով։
— Պոլիս, Տրապիզոն, և այլն, և այլն։
— Ինչի՞ համար։
— Աշխատելու և ընտանյաց օգնելու։
— Աշխատելու և ընտանյաց օգնելու, — կրկնում է խոսակիցը անհընարին տխրությամբ։
Անցնում է սորա վերայով մի քանի տարի, հանկարծ այս նորեկը լուր է առնում, որ յուր ծերունի հայրը վախճանել է, մայրը հիվանդ է։ Մի փոքր ժամանակից և մայրը մեռնում է։
— Լաց, պանդուխտ, բնական զգացողությամբ չե՜ս կարող լաց չլինել, բայց ոչ ոք մեղավոր չէ, բացի քո հորից, բացի քեզանից, բացի այն սխալ և վնասակար ավանդութենից, որ քեզ այդ օրը ձգեց։
Պանդխտակիցքը գալիս են նորան մխիթարելու։
Մի երկու բաժակ գինի... Մի քահանա, մի «Հոգվոց» և պանդուխտի սիրտը պաղում է։ Բայց, նորա սիրտը պաղում է և այն աշխարհից, ուր ծնել էր նա... Ի՞նչ բանի համար վերադառնա։ Նա գտանելու չէ յուր տունը, յուր ծնողքը, նորա աչքին պիտի հանդիպին երկու գերեզման և մի ամայի բնակարան, եթե և այն չէ անցել օտարի ձեռք։ Նա որոշում է մնալ պանդխտության մեջ և այս որոշումով հոժարում է մինչև տակը խմել թշվառության բաժակը։ Այո, մնում է նա, բայց տունը մարեցավ։ Մի գերդաստան ընկավ հասարակաց խումբից։
Արդյոք ո՞րքան գերդաստանք ընկնում են այսպես։
Սոցա վիճակից ավելի քաղցր չէ այն մանր վաճառականների վիճակը,
5-715